Դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
1) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
2) կողմերից մեկը հղում է կատարում տվյալ վեճն արբիտրաժային դատարանի քննությանը հանձնելու՝ կողմերի միջև առկա համաձայնությանը, և արբիտրաժային դատարան դիմելու հնարավորությունը չի վերացել.
3) իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:
Դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին սահմանված կարգով կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց, որոնք էլ որոշումը կարող են բողոքարկել վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում: Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված:
Որոշման մեջ պետք է լուծվի գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերը բաշխելու հարցը:
Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք հանդիսացած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի դիմելու դատարան` գործով վարույթը վերսկսելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net