Ծնողական իրավունքներից զրկելն ազատու՞մ է ծնողական պարտականություններից

Շատ ծնողներ կարծում են, թե զրկվելով ծնողական իրավունքներց, կազատվեն նաև ծնողական պարտականություններից: Նման կարծիքը սխալ է, քանի որ ՀՀ Ընտանեկան օրենսգիրքը հստակ սահմանում է, որ ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում իրենց երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։

 

«Ծնողական իրավունքներից զրկված ծնողները կորցնում են այն երեխայի հետ ազգակցության փաստի վրա հիմնված բոլոր իրավունքները, որի նկատմամբ ծնողական իրավունքներից նրանք զրկվել են (ընդ որում՝ նրանցից ապրուստի միջոց ստանալու, ինչպես նաև երեխաներ ունեցող քաղաքացիների համար սահմանված արտոնությունների ու պետական նպաստների իրավունքները)»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:

 

Երեխայի և ծնողական իրավունքներից զրկված ծնողների կամ նրանցից մեկի հետագայում համատեղ ապրելու մասին հարցը լուծվում է դատական կարգով։

 

Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխան պահպանում է բնակելի տարածության սեփականության կամ բնակելի տարածության օգտագործման իր իրավունքը, իսկ բնակելի տարածության բացակայության դեպքում՝ բնակարանային օրենսդրությանը համապատասխան` բնակելի տարածություն ստանալու իրավունքը, ինչպես նաև ծնողների և այլ ազգականների հետ ազգակցականության կապի վրա հիմնված գույքային իրավունքները (ընդ որում՝ ժառանգություն ստանալու իրավունքը):

 

Եթե անհնարին է երեխային հանձնել մյուս ծնողին, կամ երկու ծնողներն էլ ծնողական իրավունքներից զրկվել են, ապա նա հանձնվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի խնամքին։

 

Ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու դեպքում երեխային որդեգրել թույլատրվում է ոչ շուտ, քան ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեց ամիս հետո։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել