Որքա՞ն է կազմել վարչապետի ուղղաթիռով մեկ թռիչքի արժեքը
Փետրվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել էր նրա ծննդավայր` Դսեղ:
Ավելի ուշ տեղեկություն տարածվեց այն մասին, որ վարչապետը Դսեղ մեկնել է ուղղաթիռով, ինչը հաստատեց նաև նրա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Իրավաբան.net–ն այս թռիչքի վերաբերյալ որոշ մանրամասներ է իմացել:
Ի պատասխան մեր հարցման, պաշտպանության նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ վարչապետի ուղղաթիռով Դսեղ հասնելու և Երևան հետ վերադառնալու համար ծախսվել է 1114 կգ ավիացիոն վառելիք, որի ընդհանուր գումարը կազմել է 524 հազար 694 դրամ:
Քանի որ ուղղաթիռի անձնակազմը ռազմական օդաչուներ են, թռիչքի համար առանձին հավելավճար չի տրամադրվել:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչապետին տրամադրվում է պետական պահպանություն, նրա մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերում՝ նշված օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված պետական պահպանության իրականացման միջոցառումների լրիվ ծավալով, իսկ նույն հոդվածի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:
Այս օրենքի 15-րդ հոդվածի համաձայն էլ, Պետական պահպանության ծառայությունում պետական և ծառայողական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական և ծառայողական գաղտնիքի մասին ՀՀ օրենսդրության համապատասխան:
Հարցման պատասխանի մեջ նաև նշվում է, որ վարչապետի անվտանգության ապահովման կազմակերպան ձևերի, մեթոդների, ինչպես նաև ներգրավված անհրաժեշտ ուժերի և միջոցների վերաբերյալ տեղեկությունները պետական գաղտնիք են և համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն մամուլին չեն կարող տրամադրվել: Այս իսկ պատճառով էլ պարզ չդարձավ, թե ովքե՞ր են ուղեկցել Նիկոլ Փաշինյանին:
Ուղղաթիռով տեղափոխությունների մասին վարչապետին հարց ուղղվեց նաև մարտի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ:
Իսկ մեր այն հարցը, թե արդյո՞ք հաշվարկվել է ուղղաթիռով, թե ավտոմեքենայով մեկնելու տարբերությունը՝ արդյունավետության և ռեսուրսների խնայողության տեսանկյունից, մնացել է անպատասխան: