Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստվաայրում այսօր ընթանում էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ ներկայացված բողոքի քննությունը:
Նիստը նախագահում էր դատավոր Մարինե Մելքոնյանը:
Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը:
Նշենք, որ պաշտպանները մինչև 20 միլիոն դրամ էին առաջարկում կիրառել գրավի համար:
«Փորձելու ենք նորից»,-նշեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: