ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում 67,694 ԱՄՆ դոլար (7,581,728 ճապ. իեն) արժողությամբ «Վայոց ձորի դպրոցներին դպրոցական սարքավորումների տրամադրման նախագծի» համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզի 19 դպրոցի տրամադրել նոր դպրոցական գույք՝ նստարաններ և աթոռներ: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայը և «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Ճապոնիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը, նշել է, որ համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ այժմ մեծ համակազմ ունեցող դպրոցներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել: «Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են կրթության ընդհանուր որակը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ դպրոցների ֆիզիկական պայմանները ևս կարևոր ցուցիչ են այդ հարցում»,-նշել է նախարարը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի խոսքով՝ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցները հազվադեպ են ստացել գործընկերների աջակցությունը: «Նոր տեղադրված սարքավորումները կբարելավեն 2300 աշակերտի ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի աշխատանքային միջավայրը: Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի կարևոր հիմնասյուներից է և ապագայի հաջողության բանալին: Հենց այս պատճառով Ճապոնիան կարևորում է կրթական գործընթացում պատշաճ հարմարությունների ապահովումը: Մենք հույս ունենք, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, որ ավանդաբար ձևավորում է Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հիմքը»,-նշել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ այս պայմանագիրը մեկն է այն շարունակական աջակցության քայլերից, որը ցուցաբերում է Ճապոնիայի կառավարությունը: Վերջինիս օժանդակությամբ ՀՀ մարզերում իրականացվել է 58 ծրագիր, որի շրջանակում վերանորոգվել է ավելի քան 250 դպրոց:
«Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը տեղեկացրել է, որ 19 դպրոցների ընտրությունը կատարվել է Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: «Ծրագրի իրականացման համար նախատեսված է մեկ տարի, սակայն մենք կանենք հնարավորը, որպեսզի նոր ուսումնական տարին երեխաները դիմավորեն կահավորված դասասենյակներում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ «Զարգացում և բարեկեցություն» ՀԿ-ն հաջողությամբ ավարտել է Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում դպրոցական սարքավորումների տեղադրումը՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։