Դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքները արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում:
Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ.
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Հ.Գ. Եթե դատավարական գործողության ընթացքը չի արձանագրվել, ապա դրա արդյունքում ձեռք բերված ապացույցները կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net