Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի: Հրամանը ստորագրվել է հունվարի 18-ին, սակայն ուժի մեջ կմտնի փետրվարի 11-ին:
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՐԱՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայազորային կարգապահական մեկուսարանում (այսուհետ՝ կարգապահական մեկուսարան) հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ խումբ) կարգապահական մեկուսարանի գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնող խորհրդատվական մարմին է:
2. Խմբի գործունեության նպատակներն են՝
1) կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողների իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, հասարակայնությանը կարգապահական մեկուսարանի հիմնախնդիրների մասին իրազեկումը,
2) կարգապահական մեկուսարանում մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտումը,
3) կարգապահական մեկուսարանում իրավիճակի վերլուծության հիման վրա եզրակացությունների և առաջարկների ներկայացումը հասարակայնությանը և ՀՀ պաշտպանության նախարարին,
4) կարգապահական մեկուսարանի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության և այլ իրավական ակտերի ուսումնասիրումը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր նախապատրաստելու վերաբերյալ առաջարկների ներկայացումը:
II. ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ երեք տարի ժամկետով:
4. Խմբի կազմում կարող են ընդգրկվել՝
հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակներին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը խմբի աշխատանքներին կարող է նպաստել խմբի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:
5. Խմբի կազմում չի կարող ընդգրկվել այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) պետական ծառայող է,
5) փաստաբան է,
6) ընդգրկված է այլ դիտորդական խմբում,
7) կարգապահական մեկուսարանում գտնվող կալանքի դատապարտված, ձերբակալված կամ կալանավորված անձանց ընտանիքի անդամ է կամ գտնվում է ազգակցական կապի մեջ:
6. Խմբի կազմում ընդգրկված կազմակերպություններին խմբում ներկայացնում են վերջիններիս կողմից լիազորված անձինք: Խմբի կազմում ընդգրկված կազմակերպությունները կարող են խմբում իրենց ներկայացնելու համար լիազորված անձանց փոխելու դիմում ներկայացնել ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն (այսուհետ՝ ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն), եթե նոր առաջադրված թեկնածուն համապատասխանում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին:
7. Խմբի կազմում ընդգրկվելու նպատակով սույն կարգի 4-րդ կետի պահանջներին համապատասխանող անձինք և կազմակերպությունները ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում (www.mil.am) հրապարակված հայտարարության հիման վրա (հայտարարության մեջ նշված ձևով և ժամկետում) դիմում են ներկայացնում ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն` խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումի մեջ պետք է ներկայացվի սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր: Ներկայացված դիմումը՝ կից փաստաթղթերով, տեղադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
8. Պաշտպանության նախարարությունը խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում դիմումը բավարարելու կամ մերժելու մասին՝ այդ մասին հնգօրյա ժամկետում տեղեկացնելով դիմումատուին: Պաշտպանության նախարարության որոշումը եռօրյա ժամկետում հրապարակվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
9. Պաշտպանության նախարարությունը սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջներին համապատասխանող անձանց և կազմակերպությունների դիմումները քննարկում և որոշում է կայացնում՝ հաշվի առնելով խմբի անդամների առավելագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը:
10. Խմբի անդամների նվազագույն թվաքանակի համալրման անհնարինության դեպքում խումբը կազմավորվում է սույն կարգի 4-րդ կետի պահանջներին բավարարող անձանց փաստացի թվաքանակով: Խումբը համալրելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է նոր հայտարարություն՝ նախկին հայտարարության հրապարակումից 2 ամիս անց:
11. Երեք տարին մեկ խմբի անդամների 1/3-ը ենթարկվում է ռոտացիայի՝ ըստ վիճակահանության՝ հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետով նախատեսված՝ խմբի նվազագույն թվաքանակը պահպանելու անհրաժեշտությունը: Ռոտացիայի իրականացման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում խմբի գործունեության երեք տարին լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ խմբի նոր անդամների համալրման նպատակով հրապարակվում է հայտարարություն: Ռոտացիայի արդյունքում խմբի անդամների նվազագույն թվաքանակը պահպանելու անհնարինության դեպքում ռոտացիան կիրառվում է խմբում ընդգրկվելու համար նոր դիմում ներկայացրած անձանց թվաքանակի համամասնությամբ:
12. Խմբում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն անձին կամ կազմակերպությանը, որի գործունեությունը առավել սերտորեն առնչվում է ՀՀ պաշտպանության նախարարության նպատակներին և խնդիրներին:
13. Խմբի կազմում ընդգրկվելու նպատակով անձի կամ կազմակերպության ներկայացրած դիմումի մերժումը պետք է պատշաճորեն հիմնավորվի ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
14. Խումբն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ղեկավար, անհրաժեշտության դեպքում` նաև տեղակալ: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը) ղեկավարում է խմբի գործունեությունը:
15. Խմբի կազմում ընդգրկվում են հինգից տասը անդամներ: Ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպությունից խումբը կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:
III. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
16. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:
17. Խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և խմբի գործունեության էթիկայի կանոններով:
18. Խումբը համագործակցում է կարգապահական մեկուսարանի պետի հետ:
19. Խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել կարգապահական մեկուսարան, հանդիպել կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողին, նրա համաձայնությամբ՝ անձնական գործին և գրագրությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերին:
20. Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից տրվում է հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամի վկայական (համաձայն ձևի), որը նա պետք է կրի իր հագուստի վրա` կարգապահական մեկուսարանում գտնվելու ամբողջ ընթացքում:
21. Կարգապահական մեկուսարանը պետք է ունենա խմբի անդամների անվանացուցակը:
IV. ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Խմբի գործունեության հրապարակայնությունը և վերահսկողությունն իրականացվում է կարգապահական մեկուսարան այցելությունների արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հասարակայնությանը հաշվետվություններ ներկայացնելու միջոցով:
23. Խումբը ներկայացնում է եռամսյակային և տարեկան հաշվետվություններ, որոնց վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տալիս է իր պարզաբանումները:
24. Եռամսյակային հաշվետվություններում կարող են ներկայացվել կարգապահական մեկուսարաններում պահվող զինծառայողների իրավունքների խախտման, ինչպես նաև խմբի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կոնկրետ դեպքեր:
25. Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել կարգապահական մեկուսարանում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն:
26. Եռամսյակային հաշվետվության վերաբերյալ պարզաբանումը տրվում է 20 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարեկան հաշվետվության վերաբերյալ` 40 աշխատանքային օրվա ընթացքում:
27. Կարգապահական մեկուսարան կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
28. Հասարակական լիարժեք վերահսկողություն իրականացնելու նպատակով խմբի անդամները առնվազն եռամսյակը մեկ պետք է այցելեն կարգապահական մեկուսարան:
29. Խումբը կարգապահական մեկուսարան կարող է այցելել յուրաքանչյուր օր (այդ թվում՝ ոչ աշխատանքային օր): Այցելությունը կատարվում է խմբի առնվազն երեք անդամի մասնակցությամբ:
30. Խմբի անդամը կարգապահական մեկուսարանում պահվող զինծառայողի հետ կարող է հանդիպել առանձին, իսկ խմբի անդամի ցանկությամբ՝ կարգապահական մեկուսարանի ներկայացուցչի մասնակցությամբ:
31. Խմբի անդամին արգելվում է կարգապահական մեկուսարանում գտնվող անձանցից տեղեկատվություններ ստանալ քրեական գործի վարույթի վերաբերյալ կամ քրեական գործի շրջանակներում կատարել հարցադրում, ինչպես նաև հանդիպել ռազմագերիների հետ:
32. Խմբի այցի վերաբերյալ խմբի ղեկավարի կամ տեղակալի կողմից կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է նաև այցելությանը մասնակցող անդամների կողմից: Արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է ՌՈ պետին:
V. ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
33. Խմբի նիստերն անցկացվում են խմբի նախագահի կողմից հաստատված օրակարգով: Խմբի օրակարգը ձևավորվում է խմբի նախագահի և կամ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Խմբի նախագահը որոշում է խմբի նիստի անցկացման օրը, վայրը և ժամը: Խմբի նիստերի անցկացման մասին անդամները ծանուցվում են նիստից առնվազն քսան օր առաջ: Խմբի յուրաքանչյուր անդամ խմբի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար կարող է այն ներկայացնել նիստից առնվազն տասը օր առաջ` այդ մասին տեղեկացնելով ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն՝ կցելով անհրաժեշտ նյութերը:
34. Խմբի օրակարգում նշվում են`
1) խմբի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը,
2) խմբի նիստում քննարկման ենթակա հարցերի շրջանակը:
35. Խմբի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը խմբի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ՝ էլեկտրոնային փոստի միջոցով:
36. Խմբի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումը և քարտուղարությունն իրականացնում է ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունը:
37. Խմբի նիստերին կարող են հրավիրվել նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
38. Խմբի անդամի կողմից լրատվամիջոցներին չի կարող տրամադրվել այնպիսի տեղեկատվություն, որ ներառված չէ արձանագրությունում:
39. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրվել՝
1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կամ նրա տեղակալների կողմից,
2) խմբի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից,
3) խմբի անդամների 1/3-ի առաջարկության դեպքում:
40. Խումբը բաց քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ կարող է ընդունել խորհրդատվական բնույթի որոշումներ (բացառությամբ՝ խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքերում):
Ձայների հավասարության դեպքում վճռորոշ է խմբի ղեկավարի ձայնը:
41. Խմբի նիստի արձանագրության մեջ նշվում են`
1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստը սկսելու և ավարտելու ժամերը,
2) նիստի օրակարգը,
3) նիստին մասնակցող խմբի անդամների, հրավիրված անձանց և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների տվյալները,
4) քննարկվող հարցերի և ելույթների հիմնական դրույթները,
5) նիստին մասնակցող խմբի անդամների ներկայացրած հանրային առաջարկները, դիտողությունները և դրանց վերաբերյալ պաշտոնական մեկնաբանությունները,
6) ընդունված որոշումները՝ ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները,
7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:
42. Խմբի նիստի արձանագրությունն ստորագրում է խմբի ղեկավարը և նիստի արձանագրությունը կազմող աշխատակիցը` նիստից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:
43. Խմբի աշխատանքների հետ կապված ծանուցումները և տեղեկատվության փոխանակումը կատարվում է էլեկտրոնային եղանակով` խմբի անդամների կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներով:
44. Խմբի նիստերի արձանագրությունները պահվում են ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունում և հրապարակվում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում՝ խմբի նիստի օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում:
45. Խմբի նիստը խմբի ղեկավարի որոշմամբ կարող է ձայնագրվել, որի վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում խմբի նիստի արձանագրության մեջ:
46. Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը` հրապարակելով կամ արձանագրելով այն:
47. Խմբի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները հնգօրյա ժամկետում տրամադրվում են խմբի բոլոր անդամներին՝ վերջիններիս ցանկությամբ, իսկ խմբի նիստերում ընդունված որոշումները տեղադրվում են ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
48. Խմբի նիստերի արձանագրությունների կամ արձանագրության քաղվածքների տրամադրումը խմբի անդամներին ապահովում է ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչությունը:
49. Խմբի գործունեության տարեկան հաշվետվությունը մինչև հաջորդող տարվա հունվարի 20-ը տեղադրվում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:
50. Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են հրավիրված նիստի ընթացքում՝ խմբի անդամների 2/3-ի հավանությամբ:
VI. ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐՈՒՄԸ
51. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, եթե`
1) խմբի անդամի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում,
2) առկա է խմբի անդամների 2/3-ի կողմից ներկայացված միջնորդությունը:
52. Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, եթե վերացել է 50-րդ կետի 1-ին ենթակետով նշված հիմքը կամ առկա է խմբի անդամների 2/3-րդի կողմից ներկայացված միջնորդությունը՝ խմբի անդամի լիազորությունները վերականգնելու մասին:
53. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով, եթե`
1) լրացել է խմբի անդամի լիազորությունների ժամկետը,
2) առկա է խմբի անդամի դիմում՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին,
3) առկա է խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը՝ խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու կամ մեկ այլ թեկնածուով փոխարինելու մասին,
4) առաջացել են սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հիմքերը,
5) խախտվել են սույն կարգով կամ խմբի գործունեության էթիկայի կանոններով կամ կարգապահական մեկուսարանի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված դրույթները,
6) առկա է խմբի ղեկավարի միջնորդությունը՝ նիստի մասին պատշաճ տեղեկացված խմբի անդամի կողմից առանց հարգելի պատճառի երեք և ավելի անգամ անընդմեջ նիստերին չմասնակցելու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:
Ձև |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
|