Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետևյալ այլընտրանքային համակարգերը՝.
1) ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող՝ գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),
2) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող և միայն ընտանիքի անդամների միջոցով գործունեություն իրականացնող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),
3) արտոնագրային հարկի համակարգ, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճարում են արտոնագրային հարկ (հաստատուն գումար),
4) շրջանառության հարկով հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչև 535 մլն. դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում են շրջանառության հարկ:
Խնդիրը կայանում է նրանում, որ հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաև միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման համակարգերի բազմազանությունն անխուսափելիորեն հանգեցնում է մի շարք բացասական երևույթների, որոնցից են, մասնավորապես՝
5) հարկային օրենսդրության բարդությունը, հետևաբար նաև՝ հարկ վճարողների մոտ վարվող հարկային հաշվառման հետ կապված դժվարությունները,
6) օրենսդրական երկիմաստությունները, տարընկալումները, անորոշություններն ու հակասությունները, որոնք մի կողմից հարկ վճարողներին դարձնում են խոցելի, մյուս կողմից կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում հարկ վճարողների և հարկային մարմինների փոխհարաբերություններում,
7) հարկային վարչարարության հետ կապված դժվարությունները, հետևաբար նաև՝ հարկային վարչարարության արդյունավետության ցածր մակարդակը։
Առաջարկվում է.
2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը:
Մասնավորապես, առաջարկվում է վերացնել արտոնագրային հարկի համակարգը, իսկ ինքնազբաղված անձանց հարկման համակարգի և ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի փոխարեն ներդնել մեկ միասնական՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգ՝ սահմանելով, որ հարկման այս համակարգից կարող են օգտվել ինչպես իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, եթե վերջիններիս իրացման շրջանառության տարեկան մեծությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:
Առաջարկվում է սահմանել նաև, որ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկման այս համակարգից կարող են օգտվել առանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, եթե զբաղվում են Օրենսգրքով սահմանվող՝ գործունեության պարզունակ տեսակներով: Հարկման համակարգի այս վերանայումների շրջանակներում նախատեսվում է սահմանել, որ՝
ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երևան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,
բ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտները իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող, կարող են ներգրավել ֆիզիկական անձանց առանց սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է հինգ հազար դրամի չափով,
գ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության իրականացման վայրերի քանակը չի սահմանափակվում: