ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Ըստ մեղադրանքների` ՊԵԿ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետի տեղակալ Ս. Ա.-ն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչ Վ. Լ.-ն, բաժնի պետ Ս. Է.-ի հետ նախնական համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ՍՊ ընկերության սեփականատիրոջից խոշոր չափերով կաշառք ստանալու շուրջ, 2018 թվականի հոկտեմբերի 15-ին հանդիպել են վերջինիս և նրան անհիմն մեղադրել ընկերությունում մի շարք խախտումներ կատարելու մեջ:

Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ հետագա հանդիպումների ընթացքում կրկին խոսակցություն է ծավալել վերջինիս ընկերությունում իբր առկա խախտումների մասին, ապա շորթմամբ՝ ընկերության գործունեությանը խոչընդոտելու, իրականում գոյություն չունեցող  խախտումներն ի հայտ բերելու սպառնալիքով նրանից անձամբ պահանջել է խոշոր չափերով կաշառք:  Այնուհետև Ս. Ա.-ն ձեռնարկատիրոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերել 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին իր, բաժնի պետի և գլխավոր հարկային տեսուչի կողմից ընկերության գործունեությանը չխոչընդոտելու դիմաց 1.000.000 ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ:

Պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 22-ին Ս. Ա.-ն իր աշխատասենյակում հանդիպել է ՍՊ ընկերության սեփականատիրոջը և նրանից անձամբ ստացել խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, ինչից անմիջապես հետո զանգահարել է բաժնի պետ Ս. Է.-ին՝ վերջինիս և ձեռնարկատիրոջ հանդիպումը կազմակերպելու և տրված կաշառքի դիմաց ընկերության գործունեությանը չխոչընդոտելու վերաբերյալ Ս. Է.-ից հավաստիացում ստանալու նպատակով, սակայն հեռախոսային խոսակցության պահին Ս. Ա.-ն բռնվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների կողմից:

Նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ս. Ա.-ին, Վ. Լ.-ին և Ս. Է.-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել