Նվիրաբերություն է ճանաչվում գույքի կամ իրավունքի նվիրատվությունը հանրօգուտ նպատակներով:
Նվիրաբերություններ կարող են արվել քաղաքացիներին, բուժական, դաստիարակչական հիմնարկներին, սոցիալական պաշտպանության ու նույնանման այլ հաստատություններին, բարեգործական, գիտական և ուսումնական հաստատություններին, հիմնադրամներին, թանգարաններին ու մշակույթի այլ հաստատություններին, հասարակական և կրոնական կազմակերպություններին,ինչպես նաև պետությանն ու համայնքներին: Նվիրաբերությունն ընդունելու համար որևէ մեկի թույլտվություն կամ համաձայնություն չի պահանջվում:
«Նվիրաբերողի կողմից գույքի նվիրաբերությունը քաղաքացուն պետք է պայմանավորված լինի, իսկ իրավաբանական անձանց` կարող է պայմանավորված լինել այն որոշակի նշանակությամբ օգտագործելով: Այդպիսի պայմանի բացակայության դեպքում քաղաքացուն կատարված նվիրաբերությունը համարվում է սովորական նվիրատվություն: Մնացած դեպքերում նվիրաբերված գույքը նվիրառուն պետք է օգտագործի դրա նշանակությանը համապատասխան»-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» փաստաբան Արփինե Եղիկյանը:
Նվիրաբերությունը որոշակի նպատակով օգտագործելու համար ընդունած իրավաբանական անձը, պետք է վարի նվիրաբերված գույքի օգտագործման բոլոր գործառնությունների առանձնացված հաշվարկ:
Եթե իրադրության փոփոխման հետևանքով նվիրաբերված գույքի օգտագործումը նվիրաբերողի սահմանած նպատակին համապատասխան դառնում է անհնար, այն կարող է օգտագործվել այլ նպատակով միայն նվիրաբերողի համաձայնությամբ, իսկ նվիրաբերող քաղաքացու մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում` դատարանի վճռով:
Փաստաբանի խոսքերով. «Եթե նվիրաբերություն ստացողը նվիրաբերած գույքն օգտագործել է նվիրաբերողի սահմանած նշանակությանն անհամապատասխան, կամ այդ նշանակությունը փոփոխվել է դրա՝ նպատակային նշանակությամբ օգտագործելու անհնարինության հանգամանքների բացակայությամբ, ապա նվիրաբերողը, նրա ժառանգները կամ այլ իրավահաջորդն իրավունք ունեն պահանջել նվիրաբերության վերացում»:
Նվիրաբերության կողմերի իրավունքներն ու պարտականությունները չեն փոխանցվում նրանց իրավահաջորդներին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net