Մեղավոր է ճանաչվել գողության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել գողության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականցնելու համար Դրագոշ Իոնուց Բոտեզատուին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման: Հայտնում են դատախազությունից:

 

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Դրագոշ Իոնուց Բոտեզատուն 2008 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում ծանոթացել է «Քիշտրուլյա» մականունով համերկրացու` Ռումինիայի քաղաքացի Կոնստանտին Ջիկայի Շերբանի հետ եւ ընդգրկվել վերջինիս կողմից ձեւավորած հանցավոր խմբի կազմում, որը «մասնագիտացած» էր բանկային կեղծ քարտերի միջոցով գումարներ հափշտակելու գործում:

 

Ըստ դերաբաշխման` Բոտեզատուն եւ հանցավոր խմբի մեկ այլ անդամ` Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդույն, 2008 թվականի օգոստոսի 9-ին ժամանել են Հայաստան` իրենց հետ բերելով բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների խոշոր խմբաքանակներ:

 

Մինչև 2008 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործող թվով 4 բանկերի բանկոմատներից բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների օգտագործմամբ հանցավոր խումբը գողացել է ընդհանուր առմամբ 29.825.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար, որից Դրագոշ Իոնուց Բոտեզատուն անձամբ հափշտակել է 10.990.000 դրամ:

 

Գողացված եւ արտարժույթի փոխարկված գումարը Բետոզատուն միջազգային դրամական փոխանցումների համակարգերով 2008 թվականի օգոստոսի 11-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում 8 գործարքներով փոխանցել է Մեծ Բրիտանիա` դրանով իսկ խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը եւ իրական բնույթը: Այսինքն` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները նշված եղանակներով օրինականացրել է:

 

Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Դ.Բոտեզատուն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ:

 

Հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ դատական ատյաններում գործերի քննություններն ավարտվել են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով նրանց մի մասը նշանակված պատիժը կրել է, մյուս մասը շարունակում է պատիժը կրել:

 

Հանցավոր խմբի անդամներից մեկը` հետախուզման մեջ գտնվող Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդույը, հայտնաբերվել է եւ միջազգային կոնվենցիաների համաձայն` պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին եւ լուծվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իսկ խմբի` հետախուզման մեջ գտնվող մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական աշխատանքները շարունակվում են:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել