Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի:
Վարչապետը ողջունել է Իտալիայի նախագահի այցը մեր երկիր և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի հայ-իտալական հարաբերությունների նոր՝ ավելի բարձր մակարդակի բարձրացմանը: «Ուրախ եմ Ձեզ ողջունել, ինչպես հիմա ընդունված է ասել, նոր Հայաստանում: Մենք այսօր իրականացնում ենք կարևոր, պատմական ժողովրդավարական փոփոխություններ, հույս ունեմ, որ Ձեր այցի ընթացքում զգացել եք այդ փոփոխությունների ու լավատեսության շունչը: Բարձր ենք գնահատում Հայաստանի և Իտալիայի միջև առկա բարեկամությունը և պատրաստ ենք ջանքեր գործադրել երկկողմ կապերի հետագա զարգացման ու ամրապնդման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Սերջիո Մատարելլան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկու երկրների համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
«Մեր ժողովուրդներին միմյանց է կապում ամուր բարեկամությունը և մենք անհրաժեշտ ենք համարում Իտալիայի և Հայաստանի գործընկերության էլ ավելի զարգացումը»,- ասել է Իտալիայի նախագահը՝ հավելելով, որ հայ և իտալացի ժողովուրդները համարվում են հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչներ, ինչը հանդիսանում է երկկողմ կապերի խթանման լավ հիմք:
Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր, այդ թվում՝ տնտեսության, պաշտպանության և հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են հատկապես պաշտպանության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը, մասնավորապես Լիբանանում համատեղ խաղաղապահ առաքելության շրջանակում:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իտալիային այդ հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին աջակցություն ցուցաբերելու համար: ՀՀ կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ և պատրաստ է շարունակել ջանքերը բանակցային գործընթացում:
Սերջիո Մատարելլան նշել է, որ այսուհետ ևս Իտալիան շարունակելու է իր հավասարակշռված քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում նախագահության ընթացքում: Իտալիայի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի հնարավոր ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և հավելել, որ այն միայն քաղաքական է:
Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան կարևորել են տարածաշրջանում կայունության ամրապնդումն ու ԼՂ հակամարտության կողմերի միջև ակտիվ երկխոսությունն ու խաղաղության մթնոլորտի ձևավորումը:
Հայաստանի վարչապետը և Իտալիայի նախագահը մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման շուրջ: Սերջիո Մատարելլան վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը, որպեսզի Իտալիայի խորհրդարանում հնարավորինս շուտ վավերացվի Հայաստանի ու Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Սերջիո Մատարելլան քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ընթացքում: