Ո՞վ կփոխարինի Մանվել Գրիգորյանին՝ ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում. թեկնածուն առաջադրվեց

Այսօր՝ հուլիսի 5-ին, ԵԿՄ վարչության փոխնախագահների, ԵԿՄ մարզային խորհուրդների, Երևանի և մարզերի տարածքային բաժանմունքների նախագահների, վարչության անդամների  մասնակցությամբ տեղի ունեցավ ԵԿՄ ակտիվի նիստ, տեղեկացնում է ԵԿՄ լրատվության բաժինը:

Նիստին մասնակցող ավելի քան 200 երկրապահներ հավաքվել էին քննարկելու ԵԿՄ-ում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դիտարկելու միության կառուցվածքի վերաբերյալ առաջարկները, ԵԿՄ առաջիկա վարչության նիստի և արտահերթ համագումարի հետ կապված հարցերը:  Վարչության  փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրեցին ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ», – իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը, ով նաև պատրաստակամություն հայտնեց ստանձնելու Երկրապահի դերը որպես մեր պետականության կայացման, հայրենիքի պաշտպանության և բանակաշինության գործում հանրությանը իրապես ներկայացնելու գործը:

Ընդլայնված նիստում քննարկվեց նաև ԵԿՄ արտահերթ համագումար հրավիրելու հարցը: Արամ Սարգսյանն առաջարկեց համագումարը հրավիրել սեպտեմբերին: Որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ ԵԿՄ փոխնախագահների և մարզային խորհուրդների նախագահների ղեկավարությամբ, որը կզբաղվի առաջիկա վարչության նիստի և համագումարի նախապատրաստական աշխատանքների կազմակերպմամբ: Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:  Նիստին բացակայող բաժանմունքների նախագահներն իրենց դիրքորոշման մասին նախապես հայտնել էին վարչությանը: Այն հիմնականում չէր տարբերվում ներկաների կարծիքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել