Առանձին ֆակուլտետներում սահմանափակվում են երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը

Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։ Հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Ուսումնասիրելով խնդիրը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ նման որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, համաձայն որի յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով:

Բացի այդ, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն` ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար պետք է սահմանի պետական պատվեր` ըստ մասնագիտությունների, ուսումնական հաստատությունների` յուրաքանչյուր մասնագիտության համար նախատեսելով անվճար ուսուցման տեղեր` առնվազն տաս տոկոսի սահմաններում:

Այս խնդրի կապակցությամբ Պաշտպանի գրությանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնել է, որ նշված սահմանափակումը օրենքի խախտում չի հանդիսանում։

Այդուհանդերձ, նշված սահմանափակումը դիտարկելով որպես օրենքի կոնկրետ պահանջի խախտում՝ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու կառավարության տվյալ որոշման սահմանադրականությունը։

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել