Ի՞նչ է ռեմիսիան

Ֆիզիկական անձը կարող է մեղավոր ճանաչվել հանցագործության մեջ և հանցագործության սուբյեկտ համարվել, եթե նա մեղսունակ է, այսինքն օժտված է գիտակցությամբ ու կամքով: Միայն նման անձինք կարող են գիտակցել և ղեկավարել իրենց արարքները: Այդպիսի ընդունակություններից զրկված անձինք, ովքեր չեն գիտակցում սեփական վարքագծի վտանգավորությունը կամ եթե գիտակցում են, սակայն չեն կարողանում ղեկավարել իրենց գործողությունները (անգործություն) անմեղսունակ են ճանաչվում և ենթակա չեն քրեական պատասխանատվության:

 

Մեղսունակությունն անձի այն հոգեբանական վիճակն է, երբ նա սոցիալ-հոգեբանական զարգացման, սոցիալիզացիայի, տարիքի և հոգեկան առողջության մակարդակով ընդունակ է հանցագործության պահին հաշիվ տալ իր գործողությունների (անգործության) համար ու ղեկավարել դրանք և որպես հետևանք` քրեական պատասխանատվություն ու պատիժ կրել: Քրեական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, ով հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում, այսինքն` քրոնիկ հոգեկան հիվանդության, հոգեկան գործունեության ժամանկավոր խանգարման, տկարամտության կամ հոգեկան այլ հիվանդագին վիճակի հետևանքով չէր կարող գիտակցել իր գործողության (անգործության) վտանգավորությունը կամ ղեկավարել դա: Անմեղսունակության հասկացությունը բացահայտվում է երկու չափանիշներով` բժշկական (կենսաբանական, հոգեբուժական) և իրավաբանական (հոգեբանական): Անձի անմեղսունակությունը կարող է սահմանափակվել միայն այս երկու չափանիշների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ նրանցից յուրաքնչյուրն առանձին կարող է բնութագրել հանցագործության նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքը կամ բժշկական, կամ միայն իրավաբանական տեսանկյունից:

 

Բժշկական չափանիշները, քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի առաջին մասի համաձայն ընդգրկում են հոգեկան գործունեության խանգարման չորս ձևեր` քրոնիկ հոգեկան հիվանդություն, հոգեկան գործունեության ժամանկավոր խանգարում, տկարամտություն և հոգեկան այլ հիվանդագին վիճակներ: Իրավաբանական չափանիշը իր մեջ ներառում է երկու հատկանիշ` մտավոր (ինտելեկտուալ) և կամային: Մտավոր հատկանիշը ենթադրում է գործողության (անգործության) վտանգավորությունը գիտակցելու անձի անկարողությունը, իսկ կամային հատկանիշը` երբ անձը չի կարողանում ղեկավարել իր արարքները:

 

Բժշկական չափանիշի առկայությունն ինքնին բավարար չէ անձին անմեղսունակ ճանաչելու համար: Հնարավոր է, որ քրոնիկ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի մոտ ժամանակավորապես վերականգնվի իր արարքների վտանգավորությունը գիտակցելու և այն ղեկավարելու ընդունակությունը (ռեմիսիա):

 

Ռեմիսիայի վիճակում հանցանք կատարած անձը չի կարող անմեղսունակ ճանաչվել և ենթակա է քրեական պատասխանատվության:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել