«…Իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը ճանաչվել է հակասահմանադրական

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում քրեական հետապնդում չի կարող իրականացվել:

Նշված հոդվածի նախկին խմբագրությամբ սահմանված էր, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե…..:

 

Նույն հոդվածի երկրորդ մասում ասվում է . Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

 

«Վերը նշված հոդվածի նման ձևակերպումը թույլ էր տալիս կարճել քրեական գործի վարույթը` փաստացի կատարված հանցագործության պայմաններում: Ի՞նչ էր ստացվում. Առկա էր հանցագործություն, առկա էր տուժող, առկա էր նաև հանցանք կատարած անձ, որը սակայն բացահայտված չէր քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից»,-այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

 

Մասնավորապես. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով քրեական հետապնդումը ենթակա էր դադարեցման, եթե.

 

ա) առկա է հանցագործությունը,

 

բ) կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չէ,

 

գ) սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:

 

Այստեղ հիմնական հանգամանքն այն է, որ «առկա է հանցագործությունը» եզրույթն արդեն իսկ վկայում է հանցակազմի առկայության մասին, սակայն այն առարկայացված չէ կոնկրետ սուբյեկտի առնչությամբ: Ըստ էության հանցակազմը հանցագործության իրավաբանական բնորոշումն է: Եթե առկա է հանցագործությունը` հանցակազմի բոլոր տարրերի առկայությամբ, ապա չի կարող հանցակազմի բացակայության հիմքով գործի վարույթը կարճվել, որովհետև դա ուղղակիորեն կխախտի տուժող կողմի իրավունքները: Իսկ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել կասկածյալի կամ մեղադրյալի անձի առնչությամբ:

 

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ Սահմանադրական դատարանն իրավացիորեն գտել է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի «…իսկ գործի վարույթը ենթակա է կարճման» դրույթը` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու առնչությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի (1-ին մաս) և 21-րդ, ուստի այն ճանաչել է անվավեր(ՍԴՈ-871):

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել