Աշխատանքն այն միջոցն է, որի օգնությամբ անձը հնարավորություն է ստանում կիրառելու իր մասնագիտական և այլ հմտությունները և ինչու ոչ` հոգալու իր սոցիալական խնդիրները:
Նկատի ունենալով, որ առանց աշխատանքի և համապատասխան միջոցների անձը չի կարող հոգալ իր մինիմալ կարիքները, օրենսդիրը նշված իրավունքը վերապահել է նաև օտարերկրացիներին` սահմանելով, սակայն, որոշակի պայմաններ և կիրառելով որոշակի սահմանափակումներ:
Այսպես. համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի` օտարերկրացիներն իրավունք ունեն ազատորեն տնօրինելու իրենց աշխատանքային ունակությունները, ընտրելու մասնագիտության և գործունեության տեսակը, զբաղվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված տնտեսական գործունեությամբ` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սահմանափակումները: Երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, քաղաքացիությունից և աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքներից:
«Թեև օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է աշխատանքային օրենսգրքով սահմանված աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության սկզբունքը, բայց և այնպես սահմանում է, որ նախ` կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, որը անհնարինության դեպքում միայն` օտարերկրյա քաղաքացիներից»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը և հավելում, որ Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:
Աղբյուրը` Իրավաբան.net