Որպես կանոն պարտավորությունների մեջ պարտապանը և պարտատերը մնում են անփոփոխ, սակայն օրենքը որոշակի դեպքերում թույլատրում է պարտապանի փոփոխություն, այսինքն պարտքի փոխանցումը այլ անձի:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարտատիրոջ համար միևնույն չէ, թե ով է կատարելու իր առջև պարտավորությունը, օրենքը սահմանում է, որ դա թույլատրելի է միայն պարտատիրոջ համաձայնությամբ» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն. «Պարտապանը կարող է իր պարտքն այլ անձի փոխանցել միայն պարտատիրոջ համաձայնությամբ, բացառությամբ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի»:
Հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է փոխանցվի նույն ձևով:
«Նոր պարտապանն իրավունք ունի ընդդեմ պարտատիրոջ պահանջի ներկայացնել առարկություններ, որոնք հիմնված են պարտատիրոջ և սկզբնական պարտապանի հարաբերությունների վրա» – նշում է փաստաբան Կարեն Հովհաննիսյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net