ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը դատական ծախսերի կազմի մեջ ներառում է նաև փաստաբանի վարձատրությունը և իրավական հնարավորություն է ընձեռնում բռնագանձելու փաստաբանին վճարված գումարը մյուս կողմից:
Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն`դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողություննեի համար վճարման ենթակա գումարներից:
«Նշենք նաև, որ օրենքն իհարկե թույլ է տալիս յուրաքանչյուրին կնքելու օրենքով նախատեսված ու թույլատրելի ցանկացած պայմանագիր` իրենց հարմար վճարման գնով ու կարգով, այլ հարց է` արդյոք դատարանը դա կդիտի խելամիտ և կբռնագանձի դատավարության մյուս կողմից, քանզի անկախ պայմանագրով կողմերի ստանձնած այս կամ այն գումարը վճարելու փաստից` վարձատրության չափը դատարանը դիտարկում է «խելամտության և իրական լինելու» տիրույթում»,-Իրավաբան.net-ին հայտնում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Գեղամ Այվազյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net