Դպրոցական աղջիկների գաղափարների իրագործմանը խոչընդոտում է գումարի պակասը
15-ամյա Մանեն ու Աննան սովորում են Եղեգնաձորի 1-ին դպրոցում. այս տարի ավարտել են 9-րդ դասարանն ու տեղափոխվել տասներորդ:
Տեսանյութերի ճանաչման նոր ծրագիր-հավելված ստեղծելու գաղափար ունեցող աղջիկները մեծ ցանկություն ունեն մասնակցելու «Դիջիքեմփ» ամառային ճամբարին, որը հնարավորություն կտա գաղափարներն իրականության դարձնել:
Սակայն համապատասխան դրամական միջոցներ չունենալու պատճառով աղջիկները դեռևս հապաղում են դիմել մասնակցության համար: Նրանց խոսքով, ամեն դպրոցից միայն 1 հոգի կարող է անվճար մասնակել, իսկ մյուսները պետք է վճարեն 100 հազարական դրամ:
Նշենք, որ «ԴիջիՔեմփ» ամառային ճամբարի նպատակն է աջակցել ինովացիոն գաղափարներ ունեցող 13-17 տարեկան երիտասարդներին իրենց առաջին քայլերն անելու ձեռներեցության ոլորտում՝ ճամբարի 10 օրերի ընթացքում նրանց մատուցելով համապատասխան գիտելիքներ, հետագայում աջակցելով նրանց սեփական բիզնեսի գրանցման գործում, ինչպես նաև հնարավորություն տալով մասնակցություն ունենալ և ներկայանալ տարբեր խոշոր միջոցառումներին, օգնել նրանց գտնել գործընկերներ: