Ուժի մեջ մտավ ընտանեկան դրամագլուխը 25 000 դրամով տնօրինելու որոշումը

Մարտի 23-ից ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը դիմելու դեպքում 25000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2017թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2017թ. փետրվարին, մինչև ապրիլի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ ամսվա համար:

2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:

25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացված բանկային հաշվին ոչ ուշ, քան դիմում ներկայացնելուն հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Հիշեցնենք՝ ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:

3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին:

5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել