Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները որոշակիորեն կարգավորված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Այս մասին այսօր կառավարությունում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Այդուհանդերձ, նա ասաց, որ դեռևս առկա են օրենքով կարգավորման ենթակա խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել ոլորտի կայացմանն ու հետագա զարգացմանը: Մասնավորապես, դրանցից կարելի է առանձնացնել հետևյալ հիմնականները.
- կամավորական աշխատանքը անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու ոչ լիարժեք իրավական կարգավորումները,
- կամավորի և կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների միջև փոխհարաբերությունների պայմանագրային կարգավորման բացակայությունը,
- կամավորի գործունեության հետ կապված ծախսերի (ճանապարհածախս, օրապահիկ, գիշերակաց, գործուղման վճար, արտահագուստ և այլ) փոխհատուցման մեխանիզմների ամբողջական կարգավորման բացակայությունը,
- կամավոր և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքները միմյանցից տարանջատելու մեխանիզմների բացակայությունը,
- կամավոր աշխատանքներում քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակների ներգրավման խթանիչ մեխանիզմների բացակայությունը,
- կամավորական գործունեությունից բխող հնարավոր ռիսկերի ապահովագրման մեխանիզմների բացակայությունը, այդ թվում` կամավոր աշխատանքում դժբախտ դեպքերից ապահովագրություն, կամավորի պատասխանատվության ապահովագրություն կամավորի օգնության կարիք ունեցողի նկատմամբ,
- կամավորներ ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպության և կամավորի հիմնական իրավունքների և պարտականությունների ամրագրման բացակայությունը, ինչպես միմյանց, այնպես էլ կամավորի օգնության կարիք ունեցողի նկատմամբ:
Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի կազմակերպման ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով հայեցակարգի նախագծով նախատեսվում է «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակում, որով կսահմանվեն կամավորական աշխատանքը անօրինական կամ վարձու աշխատողի աշխատանքից տարանջատելու մեխանիզմները, կապահովվեն կամավորի ինստիտուտի կայացման և զարգացման, կամավոր աշխատանքների խթանման, քաղաքացիական հասարակության կյանքում վերջինիս դերի բարձրացման նախապայմանները: