Մենք կայացած համատիրություններ չունենք․ Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ Հայաստանում համատիրությունները կայացած չեն։ Այս խնդրի վերաբերյալ վարչապետին հայտնել են մարզային այցելությունների ժամանակ, գործադիրի ղեկավարի խոսքերով՝ սա համատարած երևույթ է։ Այսօր կառավարության հերթական նիստին պարոն Կարապետյանը շեշտեց․ «Մենք լայնամասշտաբ ծրագիր ենք անելու, որ մի անգամ բոլոր շենքերի խնդիրները լուծենք, հայատարարենք, որ վերջին անգամ ենք լուծում, համատիրությունը զարգացնենք։ Պետք է շատ համարձակ ռեֆորմների գնալ։ Համատիրությունը կոլեկտիվ մի մարմին է, որտեղ ոչ մի պատասխանատվություն չկա, ոչ մի կառավարման որակ չկա, դա ինչ-որ անհասկանալի բան է, այդ իսկ պատճառով մենք պետք է համատիրության կառավարիչների այդ ինստիտուտը ստեղծենք, մեծացնենք»,- ընդգծեց վարչապետը։

Գործադիրի ղեկավարը համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարականներ տվեց՝ բազմաբնակարան շենքրեի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ․ «Ներկայումս հանրապետության շենքերի բաժնային սեփականություն հանդիսացող գույքի շուրջ 60 տոկոսը կառավարվում է համապատասխան համատիրությունների կողմից, 33 տոկոսը վերապահված են համայնքի ղեկավարներին, մեր ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ, հիմնական խնդիրն է շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարումը կամ առհասարական դրա բացակայությունը, ինչը հանգեցնում է շենքային տարածքների, մասնավորապես տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր բազմաթիվ քաղաքացիների բողոքներին»,- ասաց նա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը պայմանավորված է ինչպես ոչ արդյունավետ կառավարմամբ, այնպես էլ օրենսդրական թերի կարգավորումներով․ «Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ մարզպետներին, համայքնների ղեկավարների հետ և առաջարկում եմ քաղաքապետին երկու ամսում ուսումնասիրել ու ներկայացնել տեղեկատվություն բազմաբնակարան շենքերի թվի, դրանց կառավարման ձևերի, գույքի փաստացի վիճակի վերաբերյալ։ Հանձնարարում եմ նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մեկ ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության զարգացման, գույքի վերանորոգման ու անվտանգ շահագործման մասով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել