Երևանի քաղաքապետարանը արձագանքել է Իրավաբան.net-ի հրապարակմանը

Երևանի քաղաքապետարանը արձագանքել է  Իրավաբան.net«Պետական գնման մրցույթին հաղթել է 1,5 մլն դրամով թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը» հրապարակմանը:

Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված պարզաբանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Ձեր լրատվամիջոցի կողմից հրապարակված «Պետական գնումների մրցույթին հաղթել է 1.5 մլն դրամով թանկ առաջարկ ներկայացրած ընկերությունը» վերնագրով նյութի առնչությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետին հասցեագրված ձեր 20.02.2017 թվականի N 09/01 գրությանը գրավոր տրվել էր մանրամասն, սպառիչ և հստակ պատասխան՝ ներկայացնելով նյութին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Ընդ որում, պարզաբանվել էր նաև, որ հայտի մերժման հիմքը մեր կողմից օրենսդրության պահանջների հստակ կատարումն է եղել, ինչը չի կարող պայմանավորված լինել գնային առաջարկի բարձր կամ ցածր լինելու հանգամանքով, հակառակ պարագայում հայտի ընդունումը կհանգեցներ  օրենսդրության պահանջի խախտման:

Միաժամանակ նաև տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանը 10.02.2017 թվականին Facebook սոցիալական ցանցում Ընկերության տնօրենի կողմից հրապարակված կարծիքին ի պատասխան ներկայացրել է այն իրավական հիմքերը, որով առաջնորդվել է գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը՝ Ընկերության հայտը մերժելիս:

Այսքանից հետո առնվազն տարօրինակ և խիստ մտահոգիչ է, որ  իրավական առումով հստակ լուծում ստացած գործընթացը ձեր լրատվամիջոցի կողմից մատուցվել է նման վերնագրով։ Ընդ որում, սլաքներն այս պարագայում ուղղվում են տեղական ինքնակառավարման մարմնին՝ հստակ պատկերացնելով, որ գնման ընթացակարգով կոնկրետ Երևանի քաղաքապետարանը իրականացնում է ընդամենը գործընթացի արդյունքների ամրագրման մեխանիկական գործառույթ և օրենսդրությամբ սահմանած այլ իրավասություններ չունի։

Հարգելի գործընկերներ,

գնման ներկայիս ընթացակարգն՝ իր թափանցիկությամբ և մարդկայն գործոնի հնարավորին բացառումով, պետք է դիտարկել միայն և միայն իրավական հարթության վրա: Ձեր կայքի անվանումն էլ առնվազն հուշում է, որ դրանում շահագրգիռ պետք է լինեք նաև դուք և, այս պարագայում սպառիչ իրավական պատասխան ստացած նյութին հուզական վերնագրով կրկին անդրադարձ կատարելը, մեր կարծիքով, կողմնակալության որոշակի տարր է պարունակում: Չի բացառվում, որ նման վերնագիրը նախընտրել եք նյութը ականջահաճո դարձնելու նպատակով, սակայն դա, ըստ էության, արդեն ձեզ է դուրս դնում գործընթացի անաչառ դիտարկումներ իրականացնելու ձեր իսկ ստանձնած առաքելության շրջանակից։

Ակնկալում ենք ձեր անաչառությունն ու մեր այս պատասխան դիտարկման ամբողջական հրապարակումը»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել