Ինչպես է ԱՆ-ն նվազեցնելու կոռուպցիոն ռիսկերը պետական ռեգիստրի գործակալությունում

Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը կվերապահվեն մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու գործառույթներ։ Նման որոշում այսօր կայացրեց կառավարությունը։

Նախագծի մասին զեկուցեց նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ այն ունի երկու ուղղվածություն․ «Առաջինը հակակոռուպցիոն ուղղվածությունն է, երկրորդը այդ ծառայությունների կարիքն ունեցող քաղաքացիներին պատշաճ իրավաբանական աջակցություն ցուցաբերելու ուղղվածությունն է։ Այս մոտեցումը որդեգրել ենք շուրջ մեկ տարի ու քայլ առ քայլ առաջ ենք գնում»։

Ըստ նախարարի՝ շատ հաճախ կոռուպցիոն ռիսկեր կարող են առաջանալ այն դեպքերում, երբ քաղաքացիները դիմում են ռեգիստրի գործակալություն այնպիսի ծառայություն ստանալու համար, ինչպիսին է գործարքը գրանցելը, ընկերության կանոնադրության փոփոխությունը, իրավաբանական անձի վերակազմակերպումը և այլն։

«Վտանգ կա, որ նման դեպքերում կարող են առաջարկել ռեգիստրի աշխատակիցներին որոշակի գումարի դիմաց դա պատրաստել ու զարտուղի ճանապարհով հասնել իրենց խնդիրների լուծմանը, որովհետև խնդիրն այն է, որ բնական է՝ ոչ բոլոր քաղաքացիներն են տիրապետում այդ իրավական նրբություններին, ուստի մենք առաջարկում ենք, որ իրավաբանական ծառայությունը մատուցվի պետության կողմից։ Այն մատչելի է ու տեղ չի թողնում կոռուպցիայի համար»,- շեշտեց նախարարը՝ հավելելով, որ հանրության արձագանքն այս հարցում դրական է․ «Բնականաբար պետությունը բիզնեսով չի զբաղվում, հենց մեր դրված ծառայությունների որակն ու սակագները, ըստ էության, ցույց են տալիս, որ սա պարզապես քաղաքացուն աջակցելու համար է ու փակելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»։

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ ՊԵԿ-ում նույնպես նման խնդիր կա, ըստ նրա՝ որպեսզի այն լուծվի, հարկավոր է քաղաքացուն տալ այլընտրանքի հնարավորություն, այնպես որ առաջարկվում է այս մոդելը ներդնել նաև կոմիտեում․ «Պետությունը ալտերնատիվ առաջարկ է ստեղծելու, որ ախորժակները զրկի, երկրորդը՝ բրոկերների քանակը շատացնում ենք, որ մրցակցություն լինի, որ կոնսենսուսի, ալյանսի գնալու հնարավորությունը պակասի»,- ամփոփեց գործադիրի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել