ԱՄԷ-ի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կգան Հայաստան

ՀՀ կառավարությունը այսօր միակողմանի չեղարկեց Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների մուտքի արտոնագրերի պահանջը Հայաստան այցելելու համար։

ԱԳ նախարարի տեղակալ Շավար Քոչարյանի փոխանցմամբ՝ այս քայլն արվում է ելնելով այն հանգամանքից, որ առկա է հետաքրքրություն ԱՄԷ-ից Հայաստանի հետ գործարար կապեր հաստատելու համար, բացի այդ նպատակ ունեն նաև զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում։

Նշենք, որ ըստ նախագծի՝ ՀՀ և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների միջոցով, որը հանդիսացել է կապող օղակ այդ տարածաշրջանի այլ երկրների հետ: Տարեցտարի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Ներկայումս դեպի Երևան չվերթներ են իրականացնում ԱՄԷ FlyDubai, Air Arabia, իսկ Կատարից՝ Qatar Airways ավիաընկերությունները, հետաքրքրություն կա ավելացնելու ինչպես չվերթների քանակը, այնպես էլ նոր թռիչքներ սկսել այդ տարածաշրջանի այլ ավիաընկերությունների կողմից:

Ասվում է նաև, որ որոշման ընդունումը թույլ կտա Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել