Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատի խորհրդի ընտրություններն են լինելու: Խորհրդի անդամ լինելու համար առաջադրվել է 35 փաստաբանի թեկնածություն է առաջադրվել: Թեկնածուները պայքարելու են խորհրդի 12 տեղ համար: Ընտրություններին ընդհառաջ Իրավաբան.net–ը բոլոր թեկնածուների հետ հակիրճ հարցազրույցներ է ունեցել իրենց ծրագրերի վերաբերյալ:
Ներկայացնում ենք ՓՊ խորհրդի անդամի թեկնածու, փաստաբան Նելլի Հարությունյանի հետ հարցազրույցը.
-Խնդրում եմ ներկայացրեք, թե, որպես Փաստաբանների պալատի խորհրդի անդամի թեկնածու, ի՞նչ ծրագիր ունեք, խնդրում եմ ներկայացնել երեք հիմնական ուղղությունները, որոնք ընտրվելուց հետո պատրաստվում եք իրականացնել:
-Ինչպես արդեն նշվել է մեր կողմից հրապարակված հայտարարության և նախընտրական դիրքորոշման մեջ, թեկնածուներս չենք ներկայացնում նախընտրական ծրագիր, քանի որ դրա իրագործման մեխանիզմներն օբյեկտիվորեն սահմանափակված են խորհրդի անդամի իրավունքների ծավալով և խորհրդի անդամի անկախ կարգավիճակով: Մեր կողմից հրապարակվել են այն հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնցով առաջնորդվելու ենք ընտրվելու դեպքում, դրանցից են՝ լինել անկախ, նպաստել փաստաբանական համայնքի միասնականության և անկախության ամրապնդմանը, փաստաբանների իրավունքների պաշտպանության, փաստաբանության հեղինակության բարձրացմանը:
-Վերջին ամիսներին մեծ աղմուկ է բարձրացել Փաստաբանների պալատում ֆինանսական չարաշահումների վերաբերյալ բացահայտումը: Խնդրում ենք ներկայացնել Ձեր դիրոքորոշումն ու լուծումը այս հարցի հետ կապված:
-Չարաշահումն արդեն իսկ բացասական երևույթ է և չարաշահում թույլ տված անձինք պետք է կրեն դրա իրավական հետևանքները: Կա հարուցված քրեական գործ, սպասենք արդյունքներին։
-Ըստ Ձեզ, ներկայումս Փաստաբանների պալատում ֆինանսական միջոցները արդյունավե՞տ են ծախսվում և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հնարավորինս առավել ապահովվի Պալատի ֆինանսական հաշվետվողականությունն ու թափանցիկությունը:
-Այո: Այդ քայլերն արդեն ձեռնարկված են: 2014 թվականից սկսած ՀՀ փաստաբաների պալատի կայքէջում հրապարակվում են պալատի տարեկան բյուջեն, ֆինանսական հաշվետվությունները՝ եռամսյակային և տարեկան կարգով։ ՀՀ փաստաբաների պալատի կայքէջում հրապարակվում է նաև պալատի նախագահի ռազմավարական ծրագրի կատարման հաշվետվությունները։