6 տարի ազատազրկում՝ առևանգման և 4000 դրամի համար

Նախկինում 3 անգամ դատապարտված Խաչատուր Զոհրաբյանը նորից հայտնվել է բանտում:

Այս անգամ, ըստ մեղադրական եզրակացության, նա խաբեությամբ առևանգել է անչափահաս տղայի, հափշտակել նրա մոտ եղած 4000 դրամը: Դեպքը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 8-ին, երբ Զոհրաբյանը Երևան քաղաքի Ֆուչիկ և Մարգարյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տաքսի է նստել,
պատվիրել իրեն փոխադրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, ապա Արմավիրի մարզի Փարաքար գյուղ, այնուհետև Երևան քաղաքի 15-րդ թաղամաս:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դիմացով անցնելիս Խաչատուր Զոհրաբյանը նկատել է միայնակ կանգնած, անչափահաս տղային և որոշել նրանից գումար հափշտակել: Մոտեցել է նրան, մեղադրել իր քրոջը նեղացնելու մեջ և այդ հարցերը պարզաբանելու պատրվակով խաբեությամբ նստեցրել մեքենան, իբր գնում են քրոջ մոտ:

Տաքսու վարորդին պատվիրել է իրենց տեղափոխել Հրազդանի կիրճ, որտեղ իջել են ավտոմեքենայից: Հասկանալով, որ տղան անչափահաս է և կվախենա իրենից, ձեռքը տարել է գոտկատեղի հետին հատվածը, տպավորություն ստեղծելով, որ իրեն հարվածելու համար ինչ-որ առարկա է ցանկանում դուրս բերել այնտեղից, պահանջել է տալ նրա մոտ եղած ամբողջ գումարը, սպառնացել՝ «Եթե փախնես, հարյուր տոկոսով խփող եմ»:

Նրանից  հափշտակել է նրա մոտ եղած 4000 ՀՀ դրամ գումարը ու հեռացել նույն տաքսի ավտոմեքենայով:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանոււր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող դատաքաննության ժամանակ պարզվեց, որ ամբաստանյալը համաձայն է իրեն առաջադրված մեղադրանքի հետ, իրեն լիովին մեղավոր է ճանաչում և զղջում կատարածի համար:

Դատարանը, հաշվի առնելով նրա անձը՝ նախկինում դատվածություն ունենալու փաստը, նրան ուղղելու և իր կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար
որոշեց, որ ամբաստանյալ Խաչատուր Զոհրաբյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով:

Այսպիսով դատարանը վճռեց Խաչատուր Զոհրաբյանին մեղավոր ճանաչել և ազատազրկել 6 տարի ժամկետով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել