Դատավորի դեմ արդեն երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացվում

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի դեմ հայցի քննության գործով արդեն երկրորդ ինքնաբացարկի միջնորդությունն է ներկայացվում դատավորին:

Այս քաղաքացիական գործով որպես հայցվոր հանդես են գալիս երկու կազմակերպություններ՝ «Իրավունքի Եվրոպա Միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ները: Ըստ հայցվորների՝ Հրայր Թովմասյան արատավորել է ՀԿ սեկտորի ներկայացուցիչների գործարար համբավը, նրանք պահանջում են հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:

Մինչ այս նախագահողի՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերգեյ Սահակյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել այն բանի համար, որ նա թույլ չէր տվել դռնբաց նիստը լուսաբանել՝ տեսագրելու և լուսանկարելու միջոցով, սակայն դատավորը, ինքնաբացարկի հարցը չլուծած, նույն օրը բանակցություններ էր սկսել կողմերի հետ ու գործի քննության համար հերթական նիստ նշանակել:

«Դատավորը թույլ չէր տվել ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակել ու ըստ էության՝ առանց բովանդակությանը ծանոթանալու իրար հետևից երկու նիստ էր նշանակել, մեկը ինքնաբացարկի միջնորդության հետ կապված իր որոշումը հրապարակելու վերաբերյալ, մյուսն էլ արդեն հաջորդ նիստն էր նշանակել, որ պետք է շարունակի գործը քննել»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանը և հավելեց. «Այդ փաստերը հաշվի առնելով՝ մենք եզրահանգել ենք, որ դատարանն, անկախ միջնորդության բովանդակությունից, արդեն իսկ ունեցել է որոշում, որ մերժի միջնորդությունը և ինքն է շարունակելու գործի քննությունը»:

Երկրորդ ինքնաբացարկի միջնորդության հարցը լուծելու համար այսօր նիստը հետաձգվեց՝ նշանակվելով նոյեմբերի 2-ին:

Հիշեցնենք՝ գործի նախապատմությունը հետևյալն է՝ դեռևս 2016 թ. մարտի 30-ին, Ընտրական նոր օրենսգրքի շուրջ «4+4+4» ձևաչափով տեղի ունեցած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել ա ընտրությունները», Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: Հայցվոր կազմակերպությունների փաստաբաններ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Քրիստինա Գևորգյանն իրենց հայցում նշել են, որ Թովմասյանի այս արտահայտությունը հրապարակային էր (հանդիպմանը ներկա են եղել 12-ից ավելի մասնակիցներ) և գիտակցված, քանի որ որպես իրավաբան` վերջինս չէր կարող չգիտակցել իր հայտարարությունների արատավորող բնույթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել