Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին: Ծրագրի իրականացմանն են նպատակաուղղվել Հեռուստամարաթոն 2013 եւ 2014-ի հանգանակությունները: Խոշորածավալ ձեռնարկը ավարտին հասցնելու նպատակով միջոցներ են հատկացվել նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի կառավարությունների կողմից: Ճանապարհի շինարարությունը շարունակվում է Հիմնադրամի ռազմավարական եւ նպատակային ծրագրերին զուգահեռ:  Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Հայաստան Համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

Նախկինում դժվարանցանելի ավտոճանապարն ունի 10 եւ ավելի մետր լայնություն, որից 7 մետրը կազմում է ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Նախորդ տարվա ընթացքում կառուցվել են արհեստական կառուցվածքներ, այդ թվում` ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր ու եզրաքարեր, ինչպես նաեւ վերանորոգվել են մեկ տասնյակ մեծ ու փոքր կամուրջները: Բնակավայրերով անցնող հատվածներում` մասնավորապես Գետավանում եւ Եղեգնուտում, կառուցվել են մայթեր:

Ասֆալտի որակի ստուգման եւ վերահսկման նպատակով տարբեր տեղամասերից վերցված հանքային նյութերը, հանուկները եւ արտադրված ասֆալտի նմուշները պարբերաբար ուղարկվել են լաբորատոր ստուգման:
Հոկտեմբերի 24-ի դրությամբ ճանապարհի 110կմ-ը ասֆալտապատ է, որից 88կմ-ը` երկշերտ ծածկույթով: Սոթքին հաջորդող ոլորապտույտների 4կմ-ի վրա շարունակվում են հողային աշխատանքները: Շինարարության ողջ ընթացքում ճանապարհը երթեւեկելի է եղել բոլոր տեսակի մեքենաների համար:

Ուղիղ կապ ապահովելով Հայաստանի եւ Արցախի հյուսիսային շրջանների միջեւ, նոր մայրուղու գործարկումը ոչ միայն զգալիորեն կկրճատի այն ժամանակահատվածը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով մի հանրապետությունից մյուսն ուղեւորվելու համար, այլ կամրապնդի միջհամայնքային կապերը, կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, կխթանի զբոսաշրջությունը` աշխուժացնելով մեր երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն կտա նաեւ ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը:

Նախորդ տարիներին ճանապարհի մերձակա համայնքներում իրականացվել են մի շարք ենթակառուցվածքներ. Քարվաճառն ու Գետավանն ունեն կանոնավոր ջրամատակարարում, Չափարը, Վերին Հոռաթաղն ու Վաղուհասը` նորակառույց դպրոցներ: Նարկայումս համայնքային կենտրոններ են կառուցվում Գետավան եւ Կոճողուտ գյուղերում:
Բարեկարգ ավտոմայրուղու առկայությունը հնարավորություն կտա ոչ միայն կյանքի կոչել շրջակա համայնքների կյանքն ու կենցաղը բարելավող սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքներ, այլեւ զարկ կտա բիզնես եւ զարգացման ծրագրերին` գյուղացուն ապահովելով կայուն եկամտով եւ փոխելով նրա կյանքի որակը:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել