ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է սահմանել, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում դրա շահագործումից ստացված եկամուտները եկամտային հարկով հարկման առումով համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարկվում եկամտային հարկով:
Այդ կապակցությամբ նրա նախագծի միջոցով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով վերանայվել են ձեռնարկատիրական եկամուտների շահութահարկով հարկման մոտեցումները: Մասնավորապես, սահմանվել է, որ շահութահարկով հարկվում են ոչ միայն կազմակերպությունների կողմից ստացվող ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև անհատ ձեռնարկատերերի կողմից ստացվող եկամուտները:
Կառավարությունում այսօր քննարկվեց այս նախագիծը, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ վերոնշյալ փոփոխությունների արդյունքում միասնականացվել են նաև ազատ տնտեսական գոտիների շահագործումից ստացված եկամուտների հարկման մոտեցումները և սահմանվել, որ շահութահարկի վճարումից ազատվում են ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող շահութահարկ վճարողները (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը)՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով:
Ելնելով շարադրվածից` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն, ըստ էության, կիրառվելու է միայն 2017 թվականի համար, ՀՀ կառավարությունը նպատակահարմար չգտավ այն ընդունել: