Երևանում մեկնարկած Աշխատանքի տոնավաճառին ներկայացվել է 815 թափուր աշխատատեղ

Հոկտեմբերի  14-ին Երևանում կայացել է Աշխատանքի տոնավաճառ, որն այս անգամ   Հանրապետության Հրապարակին կից պուրակում  համախմբել էր  67 գործատուի, որոնք ներկայացնում էին 815 առկա և 187 սպասվելիք աշխատատեղ:

Վերջին տարիներին ՀՀ  զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ   և պետական բյուջեի ֆինանսավորմամբ պարբերաբար  կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները մասնակիցների քանակով ապացուցում են, որ դրանք սպասված են ոչ միայն հանրապետության տարբեր մարզերում, այլև` Երևանում:

«Աշխատանքի տոնավաճառները  հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ու աշխատանք փնտրողներին առանց ժամանակի ու տեխնիկական ավելորդ ռեսուրսներ վատնելու, հանդիպել պոտենցիալ գործատուներին՝ մեկ վայրում  ստանալով միաժամանակ աշխատանքի  մի քանի հետաքրքիր առաջարկ»,-նշել է նախարար Արտեմ Ասատրյանը՝ տոնավաճառում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:  Նախարարն իր խոսքում  ընդգծել է նման միջոցառումներում պետության դերի կարևորությունը. «Փաստորեն պետությունը միջնորդ է հանդիսանում, որպեսզի  ավելի առարկայական դառնան գործատու  և աշխատանք փնտրող հարաբերությունները և անուղղակիորեն երաշխավորում է, որ աշխատանք փնտրողը ունենա կայուն զբաղվածություն»:

Այնուհետև  նախարարը շրջելով  տոնավաճառի տարածքում՝  նկատել է, որ այս անգամ գործատուներին է միացել նաև կարի  արտադրության ոլորտը, ինչը ուրախացնող փաստ է համարել:  Նա մեկ առ մեկ մոտեցել է գործատուներին, հետաքրքրվել է  նոր առաջարկների  և տոնավաճառից  ակնկալվող արդյունքների մասին: Ընթացքում նախարարին են  մոտեցել երիտասարդ մասնագետներ, ովքեր ողջունելով տոնավաճառի գաղափարը` իրենց հավակնություներն ու սպասումներն են ներկայացրել նախարարին, ինչին նախարարն արձագանքել է, որ արված առաջարկությունները հաշվի կառնվեն  հետագա տոնավաճառների կազմակերպման  ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել