Հունիսի 3-ի վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն եղել է զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարի հրամանով զորամասում ազդարարվել է ուսումնական տագնապ, տրվել են համապատասխան առաջադրանքներ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ըստ աղբյուրի՝ մշտական տեղակայման վայրից ստորաբաժանման զինանձնակազմը նախանշված ժամանակահատվածում տեղափոխվել է գործողությունների շրջան, որտեղ փայլուն կերպով իրականացրել է առաջադրված ուսումնական խնդիրները: Ամփոփելով արդյունքները` Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել ստորաբաժանման հրամանատարության և անձնակազմի գործողություններն ու պատրաստվածությունը, ուսումնական թիրախների խոցման արդյունավետությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խրախուսել է ուսումնական խնդիրների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին, հորդորել այսուհետ ևս պատրաստ լինել ցանկացած պահի և ցանկացած բնույթի առաջադրանք կատարելուն: