Երեկ Երևանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել: Բժշկական կենտրոնի տնօրինությունը արձանագրված դեպքի մասին տեղեկացրել է գլխավոր ՀՀ ԱՆ մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանին: Իրավապահ մարմիններին տրամադրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
ՀՀ առողջապահության նախարարը նույն օրը` ապրիլի 28-ին հրավիրել է խորհրդակցություն «Սլավմեդ» բժշական կենտրոնի տնօրենի, պատասխանատու բուժանձնակազմի և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:
Գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը նախարարին զեկուցել է, որ 37-ամյա կինը մահացել է հետծննդյան շրջանում: Ներկա պահին գործը նախաքննության վարույթում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունից հետո նոր հնարավոր կլինի հստակեցնել մահվան պատճառը:
Խորհրդակցության ընթացքում նախարարն ընդգծել է, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք գտնվում է իր ուշադրության կենտրոնում, հանձնարարել է կատարել դեպքի մասնագիտական անաչառ և օբյեկտիվ ուսումնասիրություն: