ԱԺ-ում «ռումբ» գոյություն չունի. Ընտրական օրենսգիրքն ընդունվեց լարված մթնոլորտում

98 կողմ և 9 դեմ ձայներով այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ձեռնպահ մնացին 5 պատգամավորներ:

Այս նախագիծն ընդունվեց թեժ մթնոլորտում, երկրորդ քվեարկությամբ:

Մինչ քվեարկությունը վարման կարգով ձայն էին խնդրում ընդդիմադիր պատգամավորները, սակայն ԱԺ նախագահն ասաց, որ միայն քվեարկությունից հետո ձայն կտա ու հայտարարեց քվեարկության մասին:

Քվեարկությունից հետո կրքերը թեժացան, բավականին զայրացած էր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ նախագիծն ընդունվեց կանոնակարգի մասին բոլոր պահանջների խախտմամբ. «Դուք արդեն շատ վատ բան եք դնում այս ընտրական օրենսգրքի հիմքում, տարրական պահանջները խախտում: Ինչո՞ւ եք հենց սկզբից «ռումբ» դնում այս նախագծի տակ»:

Պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, դիմելով Զուրաբյանին, ասաց. «Կանոնակարգը բոլորիդ ձեռքերում է, 56 հոդվածի առաջին կետով՝ քվեարկությունից առաջ և հետո կարող եք վարման կարգով ելույթ ունենալ: Քվեարկությունից հետո ձեզ տվել է վարման կարգով արտահայտություն, որևէ վարման կարգի խախտում, խայտառակություն կամ «ռումբ» այստեղ բացարձակապես գոյություն չունի»,- նշեց նա:

Դեմ էր նաև Օրինաց երկիր խմբակցությունը, Հեղինե Բիշարյանի ելույթից հետո, Նաղդալյանը բղավելով էր խոսում. «Նորմալ կերպով կանոնակարգը պահպանվել է», իսկ Բիշարյանը պատասխանեց. «Մենք ուզում էինք հնչեցնել մեր այն տեսակետն ու մոտեցումը, ի տարբերություն որոշ անձնական դաշտում պատերազմ հայտարարվածի, մենք ցանկանում էին մեր տեսակետը հնչեցնել, մենք ունեինք առաջարկություն, դրա համար էլ մենք վարման կարգով ձայն էինք խնդրում: Այստեղ ուսուցողական պրոցես է կարծես, ասես 4-րդ դասարանում ենք: Դուք սխալ արեցիք, խախտեցիք վարման կարգը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել