Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները: Նման կոչ է այսօր արել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կաթողիկոսարանի տարածած հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ: Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին:
Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողությունները խաթարում են կայունությունը տարածաշրջանում և ի չիք դարձնում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները: Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին: Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»: