ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետության և հասցեականության ապահովման նպատակով իրականացնում է զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամբողջական և մատչելի իրազեկում, հատկապես աշխատանք փնտրող անձանց և գործատուների շրջանում:
Մշակվել է երկու ուղեցույց, գործատուի համար՝ «Զբաղվածության պետական ծրագրերի և գործատուների մասնակցային հնարավորությունների վերաբերյալ» և աշխատանք փնտրողի համար՝ «Աշխատանք փնտրողների համար զբաղվածության պետական աջակցության հնարավորությունների մասին»:
Ուղեցույցները տեղադրված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության պաշտոնական կայքերում, հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝
- https://www.mlsa.am/up/gorcatui-ughecujc1.pdf
- https://employment.am/uploades/ashxatanq%20pntrox-uxecujc.docx
- https://employment.am/uploades/gorcatui-ughecujc.docx
«Զբաղվածության պետական ծրագրերի և գործատուների մասնակցային հնարավորությունների վերաբերյալ» ուղեցույցում ներկայացված են՝
- զբաղվածության պետական կարգավորման շրջանակներում գործատուների իրավունքները և պարտավորությունները,
- զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ և սպառիչ տեղեկատվություն,
- Զբաղվածության պետական գործակալության հետ գործատուների փոխշահավետ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի հայտարարագրում, համատեղ ծրագրերում ներգրավման համար հաշվառում, խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում և այլն,
- Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների (թվով 51 տարածքային կենտրոններ) տվյալներ՝ հասցե, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ,
- գործատուների հետ փոխշահավետ համագործակցությունը խթանելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
«Աշխատանք փնտրողների համար զբաղվածության պետական աջակցության հնարավորությունների մասին» ուղեցույցում ներկայացված են՝
- զբաղվածության պետական աջակցության շրջանակներում աշխատանք փնտրող անձանց՝ ըստ առանձին կարգավիճակների, իրավունքները և պարտավորությունները,
- զբաղվածության պետական ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ ամփոփ և սպառիչ տեղեկատվություն,
- զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու և համապատասխան աջակցություն ստանալու համար անհրաժեշտ քայլերը՝ մատչելի և ամփոփ նկարագրված,
- առկա թափուր և նոր ստեղծվող աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն ստանալու հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվություն,
- Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների տվյալները՝ հասցե, հեռախոսահամարներ, էլեկտրոնային փոստ,
- Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառվելու և համապատասխան կարգավիճակ ստանալու և դրանից բխող հնարավորությունների մասին տեղեկատվություն,
- զբաղվածության պետական աջակցությամբ կայուն կամ ժամանակավոր զբաղվածությունը խթանելու համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
Ուղեցույցների հասանելիության ապահովման նպատակով նախատեսվում է ուղեցույցների տպագրում և տարածում: