Մարտի 17-ից անհետ կորել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունում որպես գլխավոր փորձագետ աշխատող Կարեն Վարդանյանը, ով բավականին ակտիվ էր թե սոցիալական ցանցերում, թե հասարակական կյանքում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոննիսյանը ֆեսբուքյան գրառումներում հայտնել է, որ ինքը որպես գործատու արդեն իսկ դիմել է ոստիկանություն՝ նրա անհետանալու վերաբերյալ հաղորդում ներկայացրել, քանի որ կասկածում է, որ նա խարդախության և թրաֆիքինգի զոհ կարող է դարձած լինել:
Կարենի ֆեյսբուքյան էջում նշվել է, թե Արաբական Միացյալ Էմիրություններում է, նույնիսկ մեկնաբանություն է թողել, թե այնտեղ աշխատանք է գտել, սակայն պարզվում է, որ իր մեկնելու օրը Երեւան-Դուբայ չվերթ չի եղել:
Դանիել Իոննսյանը ֆեյսբուքյան իր էջում դեպքի կապակցությամբ հետևյալ գրառումն է կատարել.
«Ի՞նչ գիտենք Կարեն Վարդանյանի մասին
1. Կարենը բոլորին ասել է, որ ինչ-որ բիզնես պայմանագրերի ստորագրման համար ամսի 17-ին թռնում է Դուբայ
2. Ամսին 17-ին Երևան-Դուբայ չվերթ չկա,
3. Կարենը նախկինում այլ խարդախությունների զոհ եղել է, իրեն հեշտ է խաբելը, հեշտ է վստահության մեջ մտնելը,
4. Սեպտեմբերին իր բնակարանը գրանցել է իր հարևանի անունով, որ 300 հազար դրամի ԴԱՀԿ կալանքը բնակարանի վրա չտարածվի,
5. Կարենի թռնելուց մի քանի օր անց հարևանը փոխել է տան կողպեքը ու սկսել է տանից հանել Կարենի իրերը,
6. Այդ հարևանը Կարենի ու յուր բնակարանի մասին իրարամերժ ստեր է ասում՝ «բա Կարենը ինձ էնքանա սիրում, որ տունը ինձա նվիրել»,
7. Կարենը պետք է ամսի 24-ին ետ գար, բայց ետ չի եկել: Որևէ կոնտակտի դուրս չի գալիս,
8. Կարենի մոտիկ բարեկամներն ու ընկերները որևէ լուր չունեն,
9. Կարենը չուներ այնպիսի պարտքեր, որոնց համար պետք է փախներ երկրից,
10. Ոստիկանները չուզենալով վերցրեցին իմ հաղորդումը, ուր նշել ենք խարդախության և թրաֆիկինգի կասկածների մասին, խնդրեցինք գտնել Կարենին, պաշտպանել Կարենի գույքը»:
Իրավաբան.net