«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) էկոլոգիական շարժումը այսօր Երևանի մանկական երկաթուղու հարակից Հրազդանի կիրճի տարածքում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչների և կամավորների մասնակցությամբ իրականացրեց բնապահպանական ակցիա` «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով:
Բնապահպանական ակցիայի ընթացքում կիրճը մաքրվեց աղբից, առանձին պարկերում և տարրաներում տեսակավորվեցին պլաստմասե, ապակյա շշերն ու աղբահանման ենթակա այլ տեսակի իրերը:
Ակցիայի ընթացքում իրենց ակտիվ մասնակցությամբ աչքի ընկան ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը և նրա կինը` Լիբին:
Բնապահպանական ակցիային մասնակցում էին նաև ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի խորհրդի խոսնակ, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը և ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net