76-ամյա Օրման Ժամհարյանը ամբաստանյալի աթոռին էր հայտնվել՝ 4-րդ կուրսի ուսանող Վահան Դ-ին ծեծելու և սպանելու սպառնաիլքներ տալու համար: Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ:
Գործի նյութերի համաձայն՝ 2015 թվականի ապրիլի 28-ին Վանաձոր քաղաքի Բանակի և Հերացի փողոցների խաչմերուկում Վահան Դավոյանի քայլվածքից ենթադրելով, որ նա ծաղրում է իրեն վիճաբանել է Վահանի հետ, որի ընթացքում ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և ծեծի ենթարկել նրան՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ ստորին շրթունքի լորձաթաղանթի արյունահավաք, կզակի շրջանի և քթի ձախ թևի շրջանի քերծվածքներ, ձախ ականջախեցու շրջանի կտրած վերք:
Բացի այդ, նույն վիճաբանության ժամանակ Օրման Ժամհարյանը սպառնացել է սպանել՝ «սատկացնել» տղային՝ ձեռքին բռնած դանակը պահելով նրա ուղղությամբ:
Հետաքրքիր է, որ 76-ամյա Օրմանը տղային հետապնդել է դեռևս 2014 թվականի մարտից, սակայն նրա հանդեպ քրեական հետապնդում չի եղել մինչև վերոհիշյալ դեպքն է տեղի ունեցել:
Ամբաստանյալի հանդեպ նշանակված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Օրմանը ճանաչվել է անմեղսունակ:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված ստորագրությունը՝ չհեռանալու մասին, վերացրել է և նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիրառվել «Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերությունում տեղավորելը:
Դատարանում Օրմանն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ: Պատասխանելով դատավարության մասնակիցների և դատարանի հարցերին, նա հայտնել է, որ նախկինում շուրջ 30 տարի աշխատել է որպես ուսուցիչ, դասավանդել է ֆիզիկա, ռազմագիտություն:
Վահանին հարվածել է միայն մեկ անգամ, ձեռքի ափի հակառակ մասով, նրան գետնին չի տապալել, ոտքերով չի հարվածել, իր հարվածից տուժողի քթից սկսել է արյուն գալ: Չգիտի, թե ինչպես կարող էր մեկ հարվածից տուժողը մի քանի վնասվածք ստանալ, ենթադրում է, որ այդ ամենը շինծու է: Նախկինում և ներկայում ինքը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել, այլապես 30 տարի չէր կարող ուսուցիչ աշխատել: Դանակը, որ եղել է իր ձեռքին, շուրջ 10-12 տարի պատկանել է իրեն, այն օգտագործել է կենցաղում: Դանակը եղել է փակ վիճակում, ինքը տուժողին կարճ և կոնկրետ ասել է. «Եթե իմ ճանապարհին մեկ անգամ էլ հայտնվեցիր՝ հենց այս դանակով էլ քեզ կմորթեմ, կսատկացնեմ շան նման»: Ասել է և իր ասածից չի հրաժարվում, սպառնացել է, որ նա չհայտնվի իր ճանապարհին, չի հիշում այդ ժամանակ տուժողը գետնին ընկած է եղել, թե ոտքի վրա:
Նախքան դեպքը, 20-30 անգամ հանդիպել է տուժողին, նա իրեն ոչինչ չի ասել, ձայն չի հանել, իրեն թվացել է, որ նա համր է, առաջին անգամ նրան տեսել է մոտ 8 ամիս առաջ: Կարծում է, որ տուժողը պատահաբար չի հայտնվել իր ճանապարհին: Դեպքին ականատես վկաներ չեն եղել, չգիտի, թե նրանք որտեղից են հայտնվել: Տուժողին չի հայհոյել: Ինքը միայն տուժողին չի հարվածել, այլ անձի էլ է հարվածել, սակայն նա չի բողոքել:
Անմեղսունակության վիճակում հանցագործություն կատարած Օրման Ժամհարյանին դատարանը որոշել է ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, ու նրա նկատմամբ կիրառել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նրան տեղավորելով հոգեբուժական հիվանդանոցի՝ «Լոռու մարզի հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲ ընկերության ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում:
Դատարանի այս որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: