xopan.am-ի հաղորդագրությունները միջամտություն են մարդու անձնական կյանքին

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հրապարակել է իր  խորհրդատվական որոշումը՝ գովազդային նպատակով անձնական հեռախոսահամարները օգտագործելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է 2016թ.-ի մարտի 16-ին xopan.am-ից ՀՀ քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին ուղարկված հաղորդագրության առիթով:

2016թ.-ի մարտի 16-ին xopan.am-ից ՀՀ քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին ուղարկվել է հետեւյալ բովանդակությամբ հաղորդագրություն (SMS)՝ «Հարգելի գործատուներ եւ աշխատանք փնտրողներ, այսուհետ Դուք կարող եք անվճար տեղադրել կամ փնտրել աշխատանք, նաեւ թողնել ռեզյումե XOPAN.am կայքում: Հեռ. 055-78-70-43»:

Հաղորդագրությունը կրում է գովազդային բնույթ՝ վերաբերում է աշխատանքի տեղավորման ոլորտում ծառայություններ մատուցելուն։ Հաղորդագրություն
ուղարկող xopan.am-ի հեռախոսահամարը հետադարձ զանգի միջոցով պարզել հնարավոր չէ:

ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գտնում է, որ ուղղակի մարքեթինգ իրականացնողները, ինչպես նաեւ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող կազմակերպությունները (կամ օպերատորները), կրում են հետեւյալ նվազագույն պարտականությունները եւ պարտավոր են.

4.1. իրենց գործունեությունը կազմակերպել վերոնշյալ իրավական նորմերին եւ սկզբունքներին համապատասխան, անձնական տվյալներն, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարն օգտագործել միայն անձի համաձայնությամբ, նախապես սահմանված նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով,

4.2. տվյալների սուբյեկտին տրամադրել անձնական տվյալների, այդ թվում՝ անձնական հեռախոսահամարի հավաքագրման աղբյուրի, նպատակների եւ իրավական հիմքերի, օգտագործման պայմանների, ինչպես նաեւ իր (եւ իր անունից ուղղակի մարքեթինգ իրականացնող կազմակերպության) մասին տեղեկատվություն,

4.3. ներդնել կազմակերպչական եւ/կամ տեխնիկական (ծրագրային) միջոցներ, որոնք թույլ կտան պաշտպանել անձնական տվյալները պատահական կամ ապօրինի ոչնչացումից, փոփոխելուց, ապօրինի ձեռք բերումից, կամ այլ ապօրինի օգտագործումից,

4.4. բաժանորդներին հնարավորություն տալ նախնական (opt-in մեխանիզմով) կամ ցանկացած այլ պահի (opt-out մեխանիզմով) հրաժարվել իրենց անձնական տվյալների օգտագործումից ուղղակի մարքեթինգի նպատակով։ Դադարեցնել ուղղակի մարքեթինգային նպատակներով հեռախոսահամարի մշակումը, եթե բացակայում է անձի համաձայնությունը (մարքեթինգային ցուցակներից ջնջել, հեռացնել սուբյեկտի մասին տեղեկատվությունը և դադարացնել հաղորդագրություններ ուղարկելը),

4.5. Գործակալությունն ակնկալում է, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող բոլոր կազմակերպությունները (կամ օպերատորները) կձեռնարկեն անհրաժեշտ եւ առավելագույն կազմակերպչական, տեխնիկական (ծրագրային) միջոցներ՝ կանխելու համար առանց իրենց բաժանորդների համաձայնության այլ անձանց կողմից ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդների անձնական վտյալների օգտագործումը,

4.6. Գործակալությունն ակնկալում է, որ էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող կազմակերպությունները (կամ օպերատորները)
էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու վերաբերյալ բաժանորդների հետ կնքվող պայմանագրերում կնախատեսեն ուղղակի մարքեթինգի նպատակով բաժանորդի անձնական տվյալներն, այդ թվում հեռախոսահամարն օգտագործելու վերաբերյալ դրույթներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել