Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ընտանեկան բռնության դեպքի առթիվ քրեական գործ: Ամբաստանյալի աթոռին են մայր ու դուստր և մեղադրվում են հարսին ծեծելու համար:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Համեստ Բաղդասարյանն ու իր դուստր Անի Նաղդալյանը 2016 թվականի հունվարի 24-ին, ժամը 19.00-ի սահմաններում Չարենցավանի իրենց բնակարանում վիճաբանել ու կռվել են իրենց հարսի (Համեստ Բաղդասարյանի որդու կնոջ) հետ՝ մեղադրելով նրան իրենց ընտանիքում տիրող լարված հարաբերությունների համար: Վիճաբանության ընթաքում ձեռքերով բազմիցս հարվածել են նրա մարմնի տարբեր մասերին և քթի, զույգ ակնակապիճների շրջանի արյունազեղումների, քթի սալջարդի, քթոսկրի կոտրվածքի, գլխուղեղի ցնցման ձևով դիտավորությամբ նրա առողջությանը պատճառել թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:
Երկուսի հանդեպ էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի համաձայն՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը: եթե մեղավորությունն ապացուցվի, ապա նրանց սպառնում է 50-150 հազար դրամի տուգանք կամ առավելագույնը երկու ամսվա կալանք:
Նրանց հանդեպ, որպես խափանման միջոց, ընտրված է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: