Ո՞ր դեպքում կարող են ձեր բնակարանը խուզարկել. փաստաբանը արատավոր պրակտիկայի և լուծումների մասին

Ժամանակին մեր երկրում ձևավորվել էր մի արատավոր երևույթ: Նշում է փաստաբան Արմեն Ֆերոյանը և հավելում. «Եթե օպերատիվ գործունեություն իրականացնող անձին անհրաժեշտ էր խուզարկել անձի բնակարանը, նա իր աշխատասենյակում ընդամենը կազմում էր մի տեղեկանք, որ օպերատիվ տեղեկություններ են ձեռք բերվել, թե տվյալ անձի տանը պահվում են հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաներ, այն տալիս էր քննիչին, ով այլընտրանք կարծես թե չուներ, քանի որ բոլոր նման դեպքերում դիմում է դատարան, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր վարույթում գողության գործ է  քննվում, վերցնում էր դիմումն ու մտնում դատարան՝ խնդրելով հայտնաբերել ու առգրավվել այդ ապրանքները»: Տվյալ դեպքում, ըստ փաստաբանի, վիճակագրությունը ցույց է տվել, որ դատարանները որպես կանոն բավարարել են քննիչների միջնորդությունները. «Ստացվում էր, որ անձի բնակարանի անձեռնմխելիությունը կախված էր ընդամենը մեկ օպերի քմահաճույքից՝ կցանկանա խուզարկել, նա կգա ու կանի իր գործողությունները՝ կապ չունի քաղաքացին այդ հանցագործության մեջ կասկածվում է, չի կասկածվում, իր դեմ կա տրված ցուցմունքներ, թե ոչ»,- նշեց փաստաբանը:

Նա իր գործերից մեկով մտել է վճռաբեկ դատարան՝ վիճարկելով ստեղծված արատավոր պրակտիկան. «Դատարանն իր դիրքորոշումը արտահայտեց ու մեկընդմիշտ այս ամենին վերջ տրվեց, մասնավորապես Վճռաբեկ դատարանն ամրագրեց, որ միայն օպերատիվ տեղեկատվությունը դեռևս բավարար չէ անձի բնակարանում խուզարկություն իրականացնելու համար»,- նշեց նա:

Իսկ ի՞նչն է բավարար. ըստ պարոն Ֆերոյանի հարկավոր է ապացույցների համակցություն իրականացնել. «Ընդ որում՝ դրանք պետք է դատարանը մանրակրկիտ քննարկման առարկա դարձնել: Մասնավորապես՝ որևէ ցուցմունք կա անձի հետ կապված, նրան տեսել են դեպքի վայրում և այլն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել