ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են տարադրամի փոխանակման կետի վրա մարտի 16-ին տեղի ունեցած ավազակային հարձակման մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Մարտի 16-ին՝ ժամը 17։40-ին, ահազանգ էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի։
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ավազակային հարձակմանը նախորդել է մեկ այլ հանցագործություն։ Նախնական քննության տվյալներով՝ Երևանի բնակիչ, 1975 թվականին ծնված Ա.Մնացականյանը, ուրիշի գույքն ավազակային հարձակմամբ հափշտակելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցնելով ատրճանակ, դիմակ և կպչուն ժապավեն, 2016թ. մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների հատման խաչմերուկի մոտ կանգնեցրել է որպես տաքսի վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և վարորդին պատվիրել վարել այն Նոր Նորք վարչական շրջան: Հասնելով Նոր Նորքի «կրազների պարկ» տարածք՝ վարորդը Ա.Մնացականյանի խնդրանքով կանգնեցրել է մեքենան, որից հետո վերջինս, ատրճանակի գործադրման սպառնալիքով, պահանջել է, որ նա անցնի մեքենայի հետնամաս, ապա կպչուն ժապավենով կապել է վարորդի ձեռքերն ու ոտքերը, փակել աչքերը, իսկ ինքը՝ նստել մեքենայի ղեկին:
Հասնելով Գայի պողոտա՝ Ա.Մնացականյանը հագել է դիմակը և ավտոմեքենայով մոտեցել Նոր Նորքի շուկային հարակից, անհատ ձեռնարկատեր Հ.Ասատրյանին պատկանող տարադրամի փոխանակման կետին: Իջնելով մեքենայից՝ դիմակավորված անձը, Հ.Ասատրյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով, պահանջել է գումար, սակայն մերժում ստանալով՝ վերջինիս սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ։ Կրակոցների ձայները լսելով՝ փոխանակման կետին են մոտեցել հարակից կրպակների աշխատակիցները, և դիմակավորված անձը, առանց գումար հափշտակելու, ավտոմեքենայով դիմել է փախուստի։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մարտի 21-ին Ա.Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքիի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակություն՝ զենքի գործադրմամբ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, զենքի գործադրմամբ), 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հաղորդում են ՔԿ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net