Այսօր Թայլանդի մայրաքաղաք Բանգոկի քրեական դատարանում կայացավ թրաֆիքինգի գործով ամենախոշոր դատավարության առաջին նիստը, որի ժամանակ հարցաքննվեցին գործով առաջին վկաները: Գործով 92 մեղադրյալ կա, որոնց թվում են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական քաղաքական գործիչներ, ոստիկանության աշխատակիցներ, ինչպես նաև ավագ սպաներ, ովքեր մեղադրվում են մաքսանենգության, առևանգման և մի քանի տասնյակ մարդկանց սպանության մեջ: Փոխանցում է ABC NEWS-ը:
Գործի հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ անցած տարվա մայիս ամսին 36 մարմին է հայտնաբերվել Թայլանդի հարավի ջունգլիներում գտնվող լքված ճամբարներում: Ենթադրվում է, որ մահացածները ներգաղթյալներ են եղել, ովքեր Մյանմայից և Բանգլադեշից ներգաղթել են Թայլանդ՝ կրոնական հետապնդումներից խուսափելու համար: Կատարված լայնածավալ հետաքննության արդյունքում բացահայտվել է խոշոր հանցախումբ, որը թրաֆիքինգի է ենթարկել փախստականներին՝ փրկագին ստանալու նպատակով նրանց պահել ջունգլիի ճամբարներում, որից հետո միայն վերջիններին թույլատրվել է գնալ Մալազիա:
Իրավապաշտպան կազմակերպությունները արդեն երկար ժամանակ է, ինչ մեղադրում են Թայլանդի իշխանություններին՝ թրաֆիքինգի առնչությամբ հանցավոր համաձայնություն ունենալու մեջ, սակայն ղեկավարությունը պարբերաբար հերքել է մեղադրանքները:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը
Իրավաբան.net