«Ընտրական նոր օրենսգրքի մշակման սկզբնական փուլերում քաղաքացիական հասարակությունը մասնակից չի եղել, հերթական անգամ մեր երկիրը ձախողել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պահանջը, որ նախագծերի քննարկումը պետք է լինի ներառական»,- այսօր քննարկման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինտեթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից փաստաբան Հերիքնազ Տիգրանյանը:
«Երբ կառավարության նիստին ներկայացվում էր նախագիծը, այդ պահի դրությամբ այն ԱՆ-ի կայքում հրապարակված չէր, ինչը նշանակում է, որ խախտվել է հանրային քննարկման համար 15 օրյա ժամկետում հանրությանը ներկայացնելու պարտավորությունը: Այնպես որ օրենսգիրքը մշակելիս խախտվել է իրավական ակտերի մասին օրենքով սահմանված ընթացակարգը»,- նշեց նա անդրադառնալով փաստաթղթի մշակման գործընթացին, ինչ վերաբերում է նախագծին, ապա տիկին Տիգրանյանի կարծիքով՝ այն բավականին հեռուն է գոհացուցիչ լինելու հանգամանքից. «Մենք տեսնում ենք այս նախագծով, որ բողոքարկման ժամկետներն են սեղմ մնացել, ինչպես նաև սուբյեկտների շրջանակը, դիտորդը, ով արձանագրել է խախտումներ, դիմում ներկայացնելու իրավունք չունի: Նախագիծը չի արտացոլում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականը»:
Փաստաբանի փոխանցմամբ՝ նախագծում ներդրված գրանցման էլեկտրոնային համակարգը, երբեմն թյուրիմացաբար անվանում են նաև էլեկտրոնային քվեարկություն. «Նախագիծն ընդամենը առաջարկում է էլեկտրոնային գրանցում, այստեղ կա մի մեծ խնդիր, որ ընտրողների ռեգիստրը միասնական փոխկապակցված համակարգ չէ: Հնարավոր չէ ստուգել` արդյոք ՀՀ տարածքներում նույն անձը չի քվեարկել տարբեր ընտրատեղամասերում»,- եզրափակեց նա: