Ապահովագրական ընկերությունները կտուգանվեն, եթե չունենան գործարար վարվելակերպի կանոններ

Մինչ այս բացակայում էր որևէ պահանջ կապված ապահովագրության ոլորտում հաճախորդների հետ կնքվող պայմանագրերի, սպառողներին տրամադրվող տեղեկությունների, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք այլ հարցերի հետ: Այս մասին է նշվում կառավարության ներկայացրած, ԱԺ-ի կողմից հաստատված և նախագահի կողմից ստորագրված օրենքների փաթեթում:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը պայմանավորված են եղել Հայաստանի Հանրապետությունում ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված համապատասխան իրավական դաշտի ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաև Համաշխարհային բանկի կողմից տրված առաջարկություններով և «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերլուծության հիման վրա տրված միջազգային փորձագիտական եզրակացությամբ:

Ըստ կառավարության` ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն եղել ապահովագրության ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտային առավել բարձրացնել ապահովագրական ընկերությունների միջև մրցակցությունը, ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և ծառայությունների բարձր որակը:

Ուստի կառավարությունն այս փաթեթով փորձում վերացնել առկա բացերը:

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում ամրագրվել է, որ`

«3.1. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են ունենալ գործարար վարվելակերպի կանոններ: Գործարար վարվելակերպի կանոններով պետք է առնվազն կարգավորվեն`

1) ապահովագրական ընկերության և նրա կողմից առաջարկվող ծառայությունների մասին գովազդը և մարկետինգային գործունեությունը.

2) հաճախորդների հետ կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջները.

3) մինչև պայմանագրի կնքումը, պայմանագիրը կնքելիս և պայմանագրի գործողության ընթացքում հաճախորդներին տրամադրվող տեղեկատվության ցանկը և այդ տեղեկատվության տրամադրման ձևը և կարգը, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցման կարգը.

4) հաճախորդների կողմից ապահովագրական ընկերություններին իրենց ապահովագրության դասերի շրջանակներում նոր ապահովագրական ծառայությունների վերաբերյալ առաջարկ ներկայացնելու ու այդ առաջարկի քննարկման ընթացակարգը.

5) հաճախորդների անհատական տվյալների պահպանման և դրանց անվտանգ օգտագործման կարգը.

6) հաճախորդների հետ վարվելակերպի կարգը.

7) հաճախորդներին ապահովագրական հատուցում տրամադրելու կարգը.

8) հաճախորդների իրավունքների պաշտպանությանը վերաբերող այլ հարցեր:

Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ապահովագրական ընկերությունների գործարար վարվելակերպի կանոնների կամ դրանց մի մասի բովանդակության նկատմամբ կարող են սահմանվել մանրամասն պահանջներ:

Գործարար վարվելակերպի կանոնների պահանջները խախտելու դեպքում պատասխանատվությունը սահմանվում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և այլ օրենքներով:

3.2. Ապահովագրական ընկերությունները պարտավոր են հետևել սույն վարվելակերպի կանոններին:

Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գործարար վարվելակերպի կանոնների պահանջների՝ ապահովագրական ընկերության կողմից խախտման փաստը դատարանի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից հաստատվելու դեպքում ապահովագրական ընկերությունը պարտավոր է հաճախորդին վճարել երեք հարյուր հազար դրամ:

Սույն մասի երկրորդ պարբերությունը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու՝ հաճախորդի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ:

Այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունների կողմից խախտվել է սպառողի՝ սույն օրենքով սահմանված որևէ իրավունք, սպառողն իրավունք ունի անմիջապես դիմելու դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին, իսկ օրենքով նախատեսված դեպքում՝ առևտրային արբիտրաժ:»:

Հոդված 2. Օրենքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Ֆիզիկական անձ հաճախորդն իրավունք ունի առանց որևէ պատճառաբանության միակողմանիորեն լուծելու ապահովագրության պայմանագիրը դրա կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում (այսուհետ՝ մտածելու ժամանակ): Այդ դեպքում ապահովագրության պայմանագիրը համարվում է լուծված ֆիզիկական անձ հաճախորդի կողմից ապահովագրության պայմանագիրը լուծելու մասին ապահովագրական ընկերությանը ծանուցելու օրվան հաջորդող օրվանից, և ապահովագրական ընկերությունը պարտավոր է ֆիզիկական անձ հաճախորդին համամասնական կարգով վճարել պայմանագրի գործողության մնացած ժամկետի համար ապահովագրավճարները: Ապահովագրության պայմանագրի հետ կապված որևէ այլ վճար հաճախորդից պահանջվել չի կարող, բացառությամբ ապահովագրության պայմանագրի հետ կապված կատարած փաստացի ծախսերի, որոնց սահմանափակումները կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով: Ընդ որում, հաճախորդը ծանուցման հետ պարտավոր է ապահովագրական ընկերությանը վերադարձնել վկայագրի բնօրինակը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված ապահովագրական ընկերության տրամադրած այլ փաստաթղթեր:

Մտածելու ժամանակը չի կիրառվում հետևյալ դեպքերում.

1) ապահովագրության պայմանագրի ժամկետը չի գերազանցում մեկ ամիսը, և (կամ) պայմանագրով նախատեսված ապահովագրությունը գործում է մինչև մեկ ամիս ժամկետով.

2) պարտադիր ապահովագրության դեպքում.

3) ապահովագրության պայմանագրի կնքմանը հաջորդող 7 աշխատանքային օրվա ընթացքում ֆիզիկական անձ հաճախորդը դիմել է ապահովագրական հատուցում ստանալու պահանջով:

Մտածելու ժամանակի ընթացքում ապահովագրության պայմանագիրը միակողմանի լուծելու իրավունքից չօգտվելը չի բացառում ֆիզիկական անձ հաճախորդի իրավունքը՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով միակողմանի լուծելու ապահովագրության պայմանագիրը:

Ֆիզիկական անձ հաճախորդը իրավունք չունի պահանջելու ապահովագրական հատուցում մտածելու ժամանակի ընթացքում տեղի ունեցած ապահովագրական պատահարի համար հետևյալ պայմանների միաժամանակ առկայության դեպքում.

ա. մտածելու ժամանակի ընթացքում պատահարի մասին նա չի ծանուցել ապահովագրական ընկերությանը,

բ. եթե այդ պատահարը տեղի ունենալուց հետո ֆիզիկական անձ հաճախորդը մինչև մտածելու ժամանակի ավարտը ծանուցել է ապահովագրական ընկերությանը պայմանագիրը լուծելու մասին:»:

Հոդված 3. Օրենքի 84-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Ընկերությունների կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության և տեղեկատվության հրապարակման կարգին վերաբերող այլ պահանջներ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող 81-րդ հոդվածի 3.2-րդ մասի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել