Կառավարությունը պատրաստվում է ընտրություններին

Կառավարության վաղվա նիստին նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից՝ 2016 թվականի  Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 94.5 մլն դրամի  տպագրական և 26.7 մլն դրամի   կնիքների պատրաստման աշխատանքների   ձեռքբերման  գնումներն իրականացվելու են առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված բանակցային ընթացակարգով:

Ինչո՞ւ է կառավարությունը հապշտապություն դրսևորում և առաջիկա նիստին նման որոշոմ կայացնում, ներկայացվելիք նախագծում հիմնավորվում է, թե Հայաստանի ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն սահմանված են խիստ որոշակի ժամկետներ ընտրական հանձնաժողովների աշխատանքների և ընտրական գործընթացների կազմակերպման համար նախատեսված կնիքների պատրաստման, ընտրական փաստաթղթերի տպագրական աշխատանքների իրականացման համար:

          Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջներին համապատասխան լիազոր մարմինը (Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն) ընտրական տեղամասերը կազմավորում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ, ինչը նշանակում է, որ ընտրական տեղամասերի քանակը հայտնի է լինում միայն քվեարկության օրվանից 45 օր առաջ, իսկ առանց նշված տեղեկատվության կնիքների պատրաստման աշխատանքներն անհնարին է սկսել:

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին համապատասխան քվեաթերթիկների տպագրությունը սկսվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 3 օր առաջ` լիազոր մարմնի (Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչություն) ընտրողների թվի վերաբերյալ  քվեարկության օրվանից 10 օր առաջ տրամադրված տեղեկատվության հիման վրա:

Ավելին, գործադիրը նկատում է, որ նախատեսված աշխատանքների իրականացման ժամկետներում ներառվում են նաև բավականին շատ ոչ աշխատանքային օրեր, որով պայամանվորված առավել կարևորվում է աշխատանքների պատշաճ և ժամանակին իրականացումը:

Նման պայմաններում, ըստ նախագծի, էական նշանակություն է ձեռք բերում այն սուբյեկտների ընտրությունը, որոնք պետք է իրականացնեն նշված աշխատանքների կատարումը, քանզի դրանց ձախողման դեպքում կվտանգվի ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, քանի որ նշված աշխատանքները պետք է իրականացվեն ոչ միայն հստակ որոշված խիստ կարճ ժամկետներում, այլև պատշաճ որակի ապահովմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել