ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Արմեն Նալբանդյանը ծանր հանցագործության կատարման մեջ հանիրավի մեղադրել է քրեակատարողական վարչության աշխատակիցներին:
Մասնավորապես՝ Արմեն Նալբանդյանը քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում, 2015 թվականի մայիսի 25-ին ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին մեղադրել է բռնություն գործադրելով պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծանր հանցագործության կատարման մեջ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի փետրվարի 17-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում դատապարտյալ Ա. Նալբանդյանը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցներն իրականում իրեն ծեծի չեն ենթարկել, մարմնական վնասվածքներ չեն պատճառել, ընդհակառակը՝ դեպքի օրն ինքը չի ենթարկվել հիշյալ վարչության ծառայողների օրինական պահանջներին:
Այսինքն` Ա. Նալբանդյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, ծանր հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ծառայողներին:
Արմեն Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Այս մասին հաղորդում են ՀՔԾ-ից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: