ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին։
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ թիվ 8/31 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկված 2 ընտրողների փոխարեն քվեարկել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը։
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՏԸՀ նախագահ Վ.Թորոսյանը երկու ընտրողների անունների դիմաց ներառել է պատահական անձնագրային տվյալներ, ստորագրել, կնքել ընտրողների ցուցակում և քվեարկել։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վ.Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։ Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: